Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018 11:50
Ալեքսանդր Ավանեսով

Երևանի ՋԷԿ-ի բլոկը շահագործման կհանձնվի 2018 թ. սեպտեմբերի 25-ին

Արմինֆո. Երևանի ՋԷԿ-ի բլոկը, պլանային-նախազգուշական աշխատանքների ավարտից հետո, շահագործման կհանձնվի 2018 թ. սեպտեմբերի 25-ին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բլոկի գլխավոր տնօրենի տեխնիկական հարցերի գծով տեղակալ Արկադի Գևորգյանը:

 

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ նախագծի իրականացմանն ուղղվել է 10,6 մլրդ դրամ: Հիմնականում դրանք վերջին 3 տարում կայանի հատուկ հաշվում կուտակված սեփական միջոցներն են:

 

Աշխատանքների կապալառու է հանդիսանում ամերիկյան General Electric-ը: Արդիկանացման արդյունքում բլոկի հզորությունը կավելանա 7 ՄՎտ-ով, իսկ օգտակար գործողության գրծակիցը կբարձրանա 1%-ով, արտադրվող էլեկտրաէներգիայի տարեկան լրացուցիչ ծավալները կկազմեն շուրջ

60 մլն ԿՎտ/ժ:

 

Կայանի աշխատանքը դադարեցվել էր օգոստոսի 5-ից:

 

Հիշեցնենք, որ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած վարկով և առևտրային շահագործման հանձնվել 2010 թ. ապրիլին: Էներգաբլոկի դրվածքային էլեկտրական հզորությունը կազմում է 243 ՄՎտ, ջերմային հզորությունը` շուրջ 434 ԳՋոուլ/ժ:

 

Երևան ՋԷԿ-ը հանդիսանում է իրանական բնական գազի պատվիրատուն, որը մատակարարվում է Հայաստանին էլեկտրաէներգիայի դիմաց: Վերջին անգամ բլոկը կանգնեցվել է 2014-ի հունիսին: Այն ժամանակ կապիտալ վերանորոգման արժեքը կազմեց 9,5 մլրդ դրամ, որի 90% -ն ուղղվեց գազատուրբինի համար նախատեսված պահեստամասեր ձեռք բերելուն: