
Արմինֆո. Հայկական ատոմակայանը չափազանց կարևոր դեր է խաղում Հայաստանի էներգետիկ համալիրի համար: Այդ մասին պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նախարարը հիշեցրել է, որ ներկայուս կայանում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու միջոցառումներ են անցկացվում: Հունիսի 1-ին ՀԱԷԿ բլոկի աշխատանքը դադարեցվել էր և վերանորոգման աշխատանքներից հետո շահագործման հանձնվել օգոստոսի 1-ին: Արթուր Գրիգորյանն ընդգծել է, որ բլոկի ժամանակին շահագործման հանձնելը կարևոր նշանակություն ունի, քանի որ չաշխատելու յուրաքանչյուր օր լրացուցիչ 200 մլն դրամ վնաս կարող է հասցնել Հայաստանին:
Ըստ որում, ինչպես նշել է նախարարը, այս տարի ամռանը էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել: <Նման ծավալները բնորոշ են ձմռան սեզենին, հատկապես՝ ամանորյա տոներին>,- ընդգծել է Արթուր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ բարձր պահանջարկը պայմանավորված էր շոգ եղանակով, և կարևոր էր անխափան էլեկտրամատակարարմամբ ապահովել սպառողներին: <Արդյունքում հաջողվեց այնպես անել, որ ոչ մի խափանում տեղի չունենա»,- փաստել է նախարարը: