
Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացած էր այն փաստի առնչությամբ, որ Հայաստանում, որը Ռուսաստանից գազ է ստանում համեմատաբար ցածր սակագնով, երկնագույն վառելիքի գինը սպառողի համար բավականին բարձր է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Տավուշում լրագրողների հետ զրույցում:
Նա նշել է, որ տեղեկանալով այդ մասին, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ հատուկ է կարգադրել գազի գինը Հայաստանի համար նվազեցնել` երկրի բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով: «Նա անգամ հիշեց, որ այդ որոշումը կայացրել է Գյումրի այցի ժամանակ՚, - նշել է Փաշինյանը` հաղորդելով Պուտինի հետ խոսակցության մանրամասները: Այդ լույսի ներքո երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են մշակել Հայաստանի սպառողի համար երկնագույն վառելիքի սակագների նվազեցման մեխանիզմներ:
Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսսատանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում աշխարհում ամենացածր գներով: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը խոշորագույն ներդրողն է Հայաստանի տնտեսությունում: «Եվ, եթե ամեն ինչ շարունակվի նման տեմպերով, ապա երկու երկրների տնտեսական համագործակցությունը կհասնի նոր, ավելի բարձր մակարդակի՚, - հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի համար ռուսական գազի 1000 խմ գինը կազմում է 150 դոլար, մինչդեռ սպառողն այն ստանում է 280 դոլարով: