Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018 16:53
Կարինա Մելիքյան

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջև

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջև

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության հանձնաժողովի (CBIRC) նախագահ, Չինաստանի ժողովրդական բանկի նախագահի տեղակալ Գուո Շուքինգի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը հրամայական է դարձրել ֆինանսական վերահսկողների միջև արդյունավետ երկխոսությունը և գործակցությունը: Նա գոհունակությամբ փաստել է երկու երկրների ֆինանսական համակարգի կարգավորողների միջև արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցության բնագավառում, ինչի վկայությունն է 2015 թ. ստորագրված ազգային արժույթներով արտարժութային ՍՎՈՓ գործարքների իրականացման վերաբերյալ կնքված համաձայնագիրը: Նա շեշտել է, որ կառույցների միջև ճիշտ համագործակցությունը և հաղորդակցումը նպաստում են ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարման գործուն համակարգերի ձևավորմանը ու հստակ վերահսկողական չափանիշների մշակմանը: 

 

Հանդիպման արդյունքներով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջև, որը նշանավորում է երկու կառույցների միջև ֆորմալ վերահսկողական հարաբերությունների հաստատումը: 

 

Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովը Չինաստանի Պետական խորհրդի կողմից ստեղծված կառույց է, որը պատասխանատու է բանկային և ապահովագրական կազմակերպությունների գործունեության վերահսկողության համար: Հանձնաժողովը ստեղծվել է 2018 թ-ին Չինաստանի բանկային համակարգի կարգավորման հանձնաժողովի և Չինաստանի ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միաձուլմամբ: