Ուրբաթ, 14 Սեպտեմբերի 2018 17:07
Նաիրա Բադալյան

Երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում են նոր  հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար

Երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում են նոր  հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար

Արմինֆո.  Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հհետ կապերի վարչությունից, ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ ունեն բնակարան ձեռք բերելու կարիք։ Վերջիններիս համար այս ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար։ Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ավելացնել զույգի գումարային տարիքի առավելագույն շեմը՝ սահմանված 65-ը դարձնելով 70: Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև  կանխավճարի ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30 տոկոս) տարբերության չափով:  Միաժամանակ նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն  20 տոկոս կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5 տոկոս տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում, այս դեպքում ևս ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել կանխավճարի ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով կանխավճար: Արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10 տոկոս կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն: