Արմինֆո. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր շահագործման է հանձնվել տարածաշրջանի դեռևս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը։ Պաշտոնական արարողությանը մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի արտադրության ներդրումային ծրագրի շրջանակում։ Սա նորարարական արտադրություն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցվել է բացառապես իտալական սարքավորումներով:
Ողջունելով նախաձեռնությունը՝ Արտակ Քամալյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ, և այս առումով` տեղում կարկտապաշտպան ցանցերի արտադրությունը հնարավորություն կտա խթանելու դրանց կիրառումը՝ ապահովելով բերքի երաշխավորված պաշտպանություն բնական աղետներից։ Նա նաև ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է «Հայաստանի
Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերման համար տնտեսվարողներին, պետական սուբսիդավորման արդյունքում, տրամադրվում են 2% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով վարկեր։ Արտակ Քամալյանն ընդգծել է նաեւ, որ Հայաստանում նոր ժամանակակից գործարանի բացումը ենթադրում է նոր աշխատատեղներ, իսկ դա երկրի տնտեսական աճի ցուցանիշներից է։
Կարկտապաշտպան ցանցերը որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք են և գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |