
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհակալություն հայտնել նրանց ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից: Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերի միջև սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:
ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:
Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

