Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018 12:25
Ալեքսանդր Ավանեսով

Չինական Hanergy ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում արևային մարտկոցների արտադրության ձեռնարկության կառուցմամբ

Չինական Hanergy ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում արևային մարտկոցների արտադրության ձեռնարկության կառուցմամբ

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական էներգետիկ և չինական Hanergy ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանում արևային վահանակների արտադրություն հիմնելու վերաբերյալ հարցեր։

 

Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարարը ողջունել է չինացի ներդրողների հետաքրքրությունը մեր երկրում վերականգնվող էներգետիկայի ոլորտում նման արտադրություն հիմնելու համար, ինչը նաև ոլորտի զարգացմանն է ուղղված, ներկայացրել այն արտոնությունները, որոնք պետությունը տրամադրում է ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում։

Միաժամանակ, Արծվիկ Մինասյանն անդրադարձել է այն հնարավորություններին, որոնք նոր շուկաներ մուտք գործելու խթան կարող են հանդիսանալ։

 

Չինացի գործարարները շնորհակալություն են հայտնել հանդիպման և հարցերի մանրամասն քննարկման համար։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության և աշխատանքային ձևաչափով հարցերի քննարկման շուրջ։ 

 

Ավելի վաղ Hanergy ընկերության կողմից մշակված արևային  էներգիայի փոխակերպման տեխնոլոգիայով կարելի է արտադրել արևային վահանակներով գործող անօդաչու թռչող սարքեր, տրանսպորտային միջոցներ  և թվային սարքեր: Hanergy ընկերության դուստր ընկերությունների`Alta Devices-ի, Solibro-ի և MiaSole-ի արտադրած երեք տեսակի վահանակները սահմանել են էներգիայի արդյունավետության համաշխարհային ռեկորդ: Սա GaAs միատարր արևային մոդուլ է, CIGS կրկնակի ապակյա արևային մոդուլներ և CIGS ճկուն սինթետիկ հիմքի վրա կառուցված արևային մոդուլներ, որոնք ունեն ռեկորդային էներգիայի փոխակերպման արդյունավետություն, համապատասխանաբար՝ 25.1%, 18.72% և 17.88% ՕԳԳ: Ընկերության ներկայացուցիչների կարծիքով, կիրառման հնարավորությունները «անվերջ» են, քանի որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել գրեթե բոլոր նորարարական ոլորտներում: Ընկերությունը նաև սկսել է թողարկել արևային վահանակներով գործող անօդաչու թռչող սարք, որն առանց վերալիցքավորման  կարող է օդում մնալ 6-10 ժամ: