Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը կարևորել է հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի միջև համագործակցության զարգացումը, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան կրթական կապերի հետագա խորացմանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին և նշել, որ մեր երկրում տեղի ունեցածը ոչ միայն քաղաքական, այլև մշակութային և կրթական հեղափոխություն էր, որը լայն հնարավորություն է ընձեռել նաև կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար: Վարչապետի խոսքով՝ կրթությունը ժողովրդավարական հասարակության զարգացման ու տնտեսական առաջընթացի անկյունաքարերից է, և ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ՀՀ կրթական մեծ ներուժը նորարարությունների և ՏՏ ոլորտում, նպատակադրել է բարեփոխումներ իրականացնել Հայաստանն ագրարայինից տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղղությամբ:
Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը հաջողություն են մաղթել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը, այդ թվում՝ կրթության ոլորտում կյանքի կոչելու գործում: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու այդ գործընթացին՝ մասնավորապես, ձեռնարկատիրության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության ոլորտներում համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և կրթական ծրագրերի իրականացման միջոցով: Էրիկ Էսրաիլյանը նաև տեղեկացրել է վարչապետ Փաշինյանին, որ Կալիֆորնիայի համալսարանում առաջիկայում նախատեսվում է բացել Հայագիտության կենտրոն:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |