Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ռուսական բնական գազի գինը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա հաղորդել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին: Վարչապետի և Բաղրամյանի զրույցը տեղի է ունեցել գերատեսչության կուլուարներում և հեռարձակվել վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով։
Նիկոլ Փաշինյանը նախարար Գարեգին Բաղրամյանին հանձնարարել է հնարավորինս արագ ավարտել Ռուսաստանից ստացվող գազի գնագոյացման վերլուծությունը և ներկայացնել առաջարկների փաթեթ` նոր գին սահմանելու համար։ Փաշինյանը հաղորդել է, որ մտադիր է Պուտինի հետ հանդիպել նոյեմբերին և, հնարավոր է, դեկտեմբերին։ Նրա համոզմամբ, որքան շուտ ձևավորվեն առաջարկներն, այնքան լավ։ Բաղրամյանն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ 1000 խմ ռուսական գազի դիմաց 150 դոլար գինն արդարացված չէ, և օպտիմալ կլիներ սահմանին 140 դոլարը, իսկ սպառողների համար սակագինը նույնպես պետք է վերանայել։ Փաշինյանն ընդգծել է, որ առաջարկներն անհրաժեշտ է հիմնավորել լուրջ փաստարկներով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը տարակուսանք էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Հայաստանում, որը Ռուսաստանից գազ է ստանում համեմատաբար ցածր սակագնով, երկնագույն վառելիքի գինը սպառողի համար բավականին բարձր է: Տեղեկանալով այդ մասին, Ռուսաստանի ղեկավարը նշել էր, որ հատուկ է կարգադրել գազի գինը Հայաստանի համար նվազեցնել` երկրի բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով: Այդ լույսի ներքո երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել էին մշակել Հայաստանի սպառողի համար երկնագույն վառելիքի սակագների նվազեցման մեխանիզմներ:
Ավելի վաղ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների արդեն նախկին նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել էր, որ նոյեմբերին երկու երկրների միջև բանակցություններ կանցկացվեն ռուսական գազի գների շուրջ: Նա ընդգծել էր, որ Երևանը չի դադարեցնի Հայաստանի սպառողների համար ավելի էժան գազ գնելու եղանակների որոնումը:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |