
Արմինֆո.<Անհրաժեշտ է եվրոպական շուկաներում առաջ մղել հայկական պանրի տեսակները՝ <Չանախ> և <Լոռի>>,- Վայոց ձոր Ելփին համայնք այցի ժամանակ, որտեղ տեղակայված է պանրի արտադրության կոոպերատիվը, ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակույան ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Համտեսումից հետո եվրոպացի դիվանագետը նշել է, որ տպավորված է կոոպերատիվում արտադրվող պանրի համով և որակով: Ըստ որում, նա հույս է հայտնել, պանիրներն իրենց սպառողին կգտնեն ԵՄ և ԵԱՏՄ երկրներում: <Ցանկացած շուկա լավ է: Բայց ավանդական հայկական պանիրները պետք է ներկայացված լինեն եվրոպական շուկաներում>,- ընդգծել է նա:
Մինչդեռ, արտադրությունն այսօր բավարարում է բացառապես ներքին շուկան, և ներկայացված է մայրաքաղաքի սուպերմարկետներում: Հաջորդ տարվանից, նախնական պայմանավորվածության համաձայն, կոոպերատիվը կսկսի պանիրների խոշոր խմբաքանակ արտահանել ՌԴ: <Տարեկան ընդունվում է 250-300 տոննա կաթ, որից մենք ապահովում ենք շուրջ 35 տոննա պանիր: Հաջորդ տարվանից ցանկանում ենք ավելացնել արտադրությունը: Ռուսաստանից բացի, մտածում ենք նաև եվրոպական երկրների շուկաներ մատակարարումների մասին, քանի որ որակական ցուցանիշներով ոչ մի բանով չենք զիջում>,- ասել է կոոպերատիվի ղեկավարը:
Նշենք, որ կոոպերատիվն ստեղծվել է 2016 թվականին՝ ENPARD ծրագրի շրջանակներում /Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագիր/: