Արմինֆո. Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ նիստից հետո կատարված հատուցումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 2017թ.-ից հետո տեղի ունեցած 15 դեպքի հատուցում, որոնցից 10-ը զոհված, իսկ 5-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:
Հաշվի առնելով փաստը, որ նախորդ նիստի ընթացքում որոշում էր կայացվել հատուցումներ տրամադրել նաև 2015-2016թթ. զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին, ըստ Վարուժան Ավետիքյանի՝ վերջին 4 ամիսներին կատարվել է նշված ժամանակահատվածին վերաբերող 147 դեպքի հատուցում, որոնցից 140-ը զոհված, 7-ը՝ զինհաշմանդամների ընտանիքներին: Որոշում է կայացվել հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստի ընթացքում քննարկել նաև 2015թ.-ից ավելի վաղ, առնվազն ևս երկու տարիներին տեղի ունեցած դեպքերի հատուցման հնարավորությունը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ հավաքագրված գումարն արդեն հատել է 12.5 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 771 մլն. դրամը: Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջև հաշվետու լինելու և բացառիկ թափանցիկության սկզբունքով:
Տարեվերջյան նիստի ավարտին հոգաբարձուների խորհրդի աշխատանքներում կամավորության սկզբունքով ներգրավված աշխատակիցները հայոց բանակի հանդեպ մեծ նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից խրախուսվել են խորհրդանշական նվերներով:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |