Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դավոսյան հանդիպումները կարող են նպաստել Հայաստանի և մի շարք երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, իսկ հետագայում՝ նաև մեր տնտեսությունում ներդրումների աճին, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հունվարի 21-25-ը Դավոսում անցկացվեց 49-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը: Ի տարբերություն իր նախորդ Սերժ Սարգսյանի, ով կառավարման 10 տարվա ընթացքում ոչ մի անգամ չմասնակցեց ֆորումի աշխատանքին, կազմակերպիչների հրավերով Դավոս է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը գագաթնաժողովի մասնակիցների հետ կիսվել է ժողովրդավարության կայացման իր տեսլականով և Հայաստանի զարգացման հիմնական ուղղություններով, ինչպես նաև մի շարք հանդիպումներ անցկացրել պետությունների առաջնորդների, անդրազգային խոշորագույն կորպորացիաների ղեկավարների հետ: <Դավոսում վարչապետը հանդիպումներ է ունեցել մի քանի գործընկերների և խոշորագույն կորպորացիաների ղեկավարների հետ, և նրանք բոլորը տեղեկացվել են Հայաստանում օտարերկրա բիզնեսի համար բացվող հնարավորությունների մասին: Ներկայացրել է <թավշյա հեղափոխության> ձեռքբերումները, կոռուպցիայի դեմ պայքարի առաջին արդյունքները: Այլ կերպ ասած՝ հերթական անգամ գործընկերների հետ կիսվել է մեր երկրի ներդրումային գրավչությամբ>,- ընդգծել է Մակարյանը:
Փորձագետն ընդգծել է, որ շատ անդրազգային կորպորացիաներ այս կամ երկրի ներդրումային գրավչությունն ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն են հատկացնում այնտեղ մարդու իրավունքների և հիմնարարա ազատությունների արդյունավետ իրացմանը: Այս առումով, նրա խոսքով, Հայաստանում այդ իրավունքների պահպանման և իրացման համար բավական հաջող պայքարը լավ նախադրյալներ են ստեղծում՝ խոշոր ներդրումային նախագծերի իրականացման համար:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ: Միևնույն ժամանակ, ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2018 թվականի 9 ամիսների ընթացքում տնտեսության իրական հատվածում ՕՈւՆ ներհոսքը կազմել է 59,8 մլրդ դրամ` 2017 թ նույն ժամանակահատվածի 57 մլրդ դրամի համեմատ:
Հունվարի 29-ին ՌԲԿ-ին հարցազրույցում Փաշինյանը նշել է Հայաստանի տնտեսության ներդրողների համար գրավիչ հատվածները՝ տեքստիլ ոլորտ, ՏՏ հատված, գյուղատնտեսություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակումը: Որպես հեռանկարային ոլորտ՝ վարչապետը նշել է վերականգնվող էներգետիկնա: Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանում հիմնական ներդրողներն առայժմ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից սփյուռքահայ գործարարներն են: