Արմինֆո.Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը գտնում է, որ տնտեսական աճի ապահովման համար Հայաստանին անհրաժեշտ է ներգրավել արտաքին փոխառություններ և չվախենալ ավելացնել պետական պարտքը: Այդ մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում:
<Հայաստանի Հանրապետության ընդհանուր պետական պարտքի, հատկապես արտաքին պարտքի կրճատման վերաբերյալ ու, մասնավորապես, ապագա սերունդների հաշվին պարտքի կուտակման հարցի շուրջ մամուլում և փորձագիտական շրջանակներում վերջերս տեղի ունեցող քննարկումները համարում եմ անընդունելի: Կարծում եմ՝ այդ մոտեցումները հոռետեսական են և հաշվի չեն առնում տնտեսության զարգացման հնարավորություններն ու փորձված մեթոդները, ինչի հետևանքով կարող ենք հետ մնալ համաշխարհային տնտեսական զարգացման տեմպից:
Մեր գլխավոր մարտահրավերը այս ճակատագրական ժամանակահատվածում տնտեսական աճի անհրաժեշտ մակարդակի շարունակական ապահովումն է, որով և պայմանավորված է մեր ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգային և ժողովրդագրական խնդիրների լուծումը:
Ի՞նչ տնտեսական պատկեր ունենք ներկայումս ՀՀ-ում, և ո՞րն է տնտեսական աճի այն նվազագույն նշաձողը, որը կապահովի առաջանցիկ զարգացման մակարդակ:
Մեկ շնչի հաշվով համաշխարհային անվանական (նոմինալ) ՀՆԱ-ն, ըստ միջազգային մասնագիտական աղբյուրների, ներկայումս կազմում է մոտ 10.000 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ-ում՝ մոտ 4000 ԱՄՆ դոլար: Եվ այս ցուցանիշով ՀՀ-ն աշխարհի առաջին 100 երկրների շարքում ընդգրկված չէ: Տարբեր մասնագիտական գնահատումներով՝ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է տարեկան միջինը 3% աճ: Այսինքն՝ աշխարհի մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կավելանա տարեկան մոտ 300 ԱՄՆ դոլարով: Համաշխարհային միջինից էլ ավելի հետ չընկնելու նպատակով ՀՀ-ն ևս պետք է ձգտի ապահովել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ՝ տարեկան առնվազն 300 ԱՄՆ դոլարի չափով, ինչը նշանակում է ապահովել առնվազն 7,5% տնտեսական աճ: Փաստացի սա այն նվազագույն աճի շեմն է, որը պետք է ամեն գնով ապահովենք, եթե չենք ուզում էլ ավելի հետ մնալ համաշխարհային զարգացման միտումներից:
Իսկ ինչպե՞ս հասնել աճի այդպիսի տեմպերի: Ճանապարհը մեկն է՝ ներդրումներ: Մեր հաշվարկներով՝ եթե ներկայիս ՀՆԱ-ի պարագայում այսօր ՀՀ-ին անհրաժեշտ է տարեկան մոտ 4 մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում, ապա 5-7 տարի հետո ներդրումային պահանջարկը կկազմի տարեկան 7-8 մլրդ ԱՄՆ դոլար:
Մեր համոզմամբ՝ ուղղակի ներդրումներով հնարավոր չէ ապահովել այդ ծավալները: Ուստի անհրաժեշտ է ներգրավել ֆինանսական ռեսուրսներ պետական և այլ խողովակներով: Այստեղ խոսքն առավելապես փոխառու միջոցների ներգրավման մասին է։
Պարտք վերցնելու առաջարկն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ոլորտի համաշխարհային միտումների վերլուծությունը թույլ է տալիս համոզվել այս մոտեցման ճշմարտացիության մեջ: Ներկայումս ընդհանուր համաշխարհային պարտքը մոտ 250 տրիլիոն ԱՄՆ դոլար է, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 318 %-ը կամ մեկ շնչի հաշվով՝ 33.3 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, 2007 թվականին այն կազմել է 142 տրիլիոն դոլար՝ 269 % ՀՆԱ-ի դեպքում, 2015 թվականին՝ 199 տրիլիոն կամ 286 %: Վերջին 10-11 տարում այն ավելացել է 108 տրիլիոնով, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ՝ մոտ 50 %-ով: Մինչդեռ երբ համաշխարհային այս ցուցանիշների հետ համադրում ենք ՀՀ ցուցանիշները, պատկերը զգալիորեն տարբերվում է։ Հայաստանի ընդհանուր պարտքը (պետության, տնային տնտեսությունների և առևտրային կազմակերպությունների մասով) կազմում է շուրջ 12-13 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բնակչի հաշվով ներկայումս այն հավասար է մոտ 4,000 ԱՄՆ դոլարի, ինչը շուրջ 29,000 ԱՄՆ դոլարով պակաս է համաշխարհային միջինից: Եվ եթե համաշխարհային ընդհանուր՝ 250 տրիլիոն դոլար պարտքից մոտ 79 տրիլիոն դոլարը կազմում են երկրների պետական պարտքերը կամ 1 բնակչի հաշվով 10,000 դոլար՝ կամ համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 100%-ը, ապա ՀՀ պետական պարտքը կազմում է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 50 %-ը: Եթե համաշխարհային պետական պարտքը կազմում է ընդհանուր պարտքի մոտ 32 % -ը, ապա ՀՀ-ում այն համարյա կեսն է։ Այսինքն այլ հատվածներում ունենք համեմատաբար ցածր պարտքային բեռ:
Հետագա վերլուծությունների և եզրակացությունների համար կազմենք հետևյալ գծանկարը, որտեղ մեջբերված թվերը ընդունելի սահմանագծում կարող են շեղումներ ունենալ.
Գծանկարից երևում է, որ ՀՀ-ն ցածր արտաքին և պետական պարտք ունի՝ թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ բնակչության մեկ շնչի հաշվով, թե՛ ՀՆԱ-ի համեմատ: Հատկանշական է, որ ՀՀ ընդհանուր պարտքը գրեթե հավասարազոր է ՀՀ համախառն ներքին արդյունքին: Այսինքն մեկ շնչի հաշվով ՀՆԱ/ընդհանուր պարտքը հավասար է 1/1: Համեմատության համար նշենք, որ միջին համաշխարհային համանուն ցուցանիշի հարաբերակցությունը կազմում է 1/3:
Օրինակ՝ Մերձբալթյան երկրներից Լատվիայի ՀՆԱ–ն կազմում է 30.2 մլրդ ԱՄՆ դոլար կամ մեկ շնչի հաշվով 18.5 հազ. ԱՄՆ դոլար: Իսկ արտաքին պարտքը կազմում է 39.7 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ երկրի բնակչությունը 2 մլն. է:
Լիտվայի ՀՆԱ-ն կազմում է 35 մլրդ ԱՄՆ դոլար կամ մեկ շնչի հաշվով 18.9 հազ. ԱՄՆ դոլար: Երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի արտաքին պարտքը կազմում է 52 մլրդ ԱՄՆ դոլար: Իսկ Էստոնիայի ՀՆԱ-ն կազմում է 30.9 մլրդ ԱՄՆ դոլար կամ մեկ շնչի հաշվով 23.6 հազ ԱՄՆ դոլար: Ընդամենը 1.3 մլն բնակչություն ունեցող երկրի արտաքին պարտքը կազմում է 27 մլրդ ԱՄՆ դոլար (չնայած պետական պարտքի ցածր լինելուն):
Այսինքն, կարող ենք համոզված պնդել, որ զարգացած ու հարուստ են հիմնականում այն երկրները, որոնք ունեն արտաքին և պետական մեծ ֆինանսական պարտավորություններ (պատկերը համարյա նույնն է մնացած երկրների մասով ևս)։ Այդ երկրների հետ համեմատելիս ՀՀ-ն ունի շատ ցածր պարտքային բեռ, ինչպես մեկ շնչի հաշվով, այնպես էլ ՀՆԱ-ի համեմատ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս նախընտրական փուլում հայտարարել էր ԱՄՆ-ի պարտքի իջեցման (ընդհուպ զրոյացման) մտադրության մասին, սակայն 2 տարվա ընթացքում 2 տրիլիոն ԱՄՆ դոլարով ավելացրել է ԱՄՆ պետական պարտքը: Իսկ Չինաստանի վերջին տարիների ընդհանուր պարտավորությունների (պետական պարտքի, պետական և մասնավոր ընկերությունների և տնային տնտեսությունների պարտքի) աճի տեմպերը տնտեսագիտական ոչ մի ընդունված օրինաչափության և հիմնավորման չեն ենթարկվում:
Եթե համեմատենք մեկ շնչի հաշվով ՀՀ պետական պարտքը համաշխարհային միջինի հետ (10000 ԱՄՆ դոլար - 2300$=7700 ԱՄՆ դոլար) և այն բազմապատկենք բնակչության թվաքանակով, ապա կստանանք մոտ 22 մլրդ դոլար։ Այսինքն, այս պահին ունենք այդքան լրացուցիչ պետական պարտքի հնարավորություն համաշխարհային միջինին հասնելու համար:
Պետական պարտքից բացի, ընդհանուր վարկային բեռի ավելացման հնարավորությունը կազմում է մոտ 60 մլրդ ԱՄՆ դոլար (3 մլն բնակչություն x 20.000 ԱՄՆ դոլար): Համաշխարհային պարտքի միջին ցուցանիշի և ՀՀ ընդհանուր պարտքի տարբերությունը կազմում է մոտ 90 մլրդ ԱՄՆ դոլար: Ստացվում է, որ եթե հաշվի առնենք նաև համաշխարհային պարտքի միջին չափի աճի միտումը, ապա 10-15 տարում ավելի քան 100 մլրդ ԱՄՆ դոլար լրացուցիչ գումար կարելի է ներդնել ՀՀ տնտեսության մեջ՝ հասնելու համար համաշխարհային միջինին:
Ընդամենը 10-12 տարում 22 մլրդ ԱՄՆ դոլար պետական պարտքի ավելացման արդյունքում ՀՀ ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 45 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով՝ 15,000 ԱՄՆ դոլար:
Բնականաբար, հարց է առաջանում պարտքի սպասարկման առնչությամբ: Եթե նկատի առնենք, որ 1 ԱՄՆ դոլար ՀՆԱ-ն տալիս է լրացուցիչ ավելի քան 0.2 դոլար հարկի տեսքով պետական եկամուտ, և այն, որ 1 ԱՄՆ դոլար պարտքի տարեկան սպասարկման չափը առավելագույնը կազմում է 0.07 ԱՄՆ դոլար, իսկ հետագայում, համոզված եմ, ավելի ցածր, ապա պետական պարտքի սպասարկումն այդքան էլ խնդրահարույց չի դառնում (այսինքն՝ վճարել 7 ցենտ, ստանալ 20 ցենտ): Ավելին, այս հաշվարկի մեջ ներառված չէ պարտքով վերցրած գումարի ներդրման մուլտիպլիկատիվ ազդեցությունը տնտեսության վրա, ինչը հետագայում ապահովելու է լրացուցիչ հարկային մուտքեր պետական բյուջե:
Հաջորդ հարցը ծրագրի հիմնավորումն է, որպեսզի ներդրումների ազդեցությունը լինի երկարատև և դինամիկ:
Կա մի հստակ կանոն՝ պետության կողմից ներգրավված միջոցները պետք է ուղղել միայն ներդրումների՝ հիմնական կապիտալի տարրերի ավելացմանը, դրա հետ մեկտեղ մասնավոր հատվածի կողմից վարկերի ծավալների ավելացումը դարձնել կառավարելի և վերահսկվող:
Այստեղ անհրաժեշտ է խորը և համակողմանի ուսումնասիրություն կատարել, բայց այն, որ գյուղատնտեսությունում, ենթակառուցվածքներում, շինարարությունում, վերամշակող արդյունաբերությունում և այլ ճյուղերում մեծ ներդրումային ներուժ կա, միանշանակ է: Պետք է հաշվի առնել նաև, որ բացի պետական պարտքի ավելացումից, ընդհանուր պարտքի մասով ևս զուգահեռաբար տեղի է ունենալու աճ, որի հիմնական մասը նույնպես դառնալու է ներդրում: Հատկապես, եթե պետական պարտքը օգտագործվի նախևառաջ արտադրական ենթակառուցվածքների զարգացման նպատակով, ապա կառաջանան ներդրումների ներգրավման լրացուցիչ խթաններ։
Սույն վերլուծությամբ փորձ ենք անում կոտրել այն կարծրատիպը, որը ձևավորվել է պետական պարտքի և, ընդհանուր առմամբ, վարկային պարտավորությունների առնչությամբ։ Պետք է հասկանալ, որ առանց լրացուցիչ խոշոր գումարների ներգրավման ու մեծ ներդրումային ծրագրերի անհնարին է լինելու դիմակայել այսօրվա մարտահրավերներին։ Բանակի մարտունակության և ժողովրդագրական աճի հիմքում ընկած են տնտեսական աճի բարձր տեմպերը։ Իսկ դրանց ապահովումը հնարավոր չէ առանց հավակնոտ և մեծածավալ ներդրումների: Արդյո՞ք այդ խնդիրների լուծման համար պարտք վերցնելուն այլընտրանք չկա…
Ներքին խնայողությունների տարեկան աճի տեմպերը բավարար չեն: Ռուսաստանի վերջին տարիների տնտեսական աճի ցածր տեմպերի պատճառով նվազել է մեր ներքին կապիտալի արտահոսքը, բայց դա չի նշանակում, որ այդ վիճակը կարող է երկար տևել: Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա ՀՀ տնտեսության այսօրվա վիճակը և հնարավոր ուղղակի ներդրումների չափը չեն կարող ապահովել տնտեսական աճի ցանկալի տեմպեր:
Պարտքի ավելացման տարբերակին պահպանողական (վախկոտ) ֆինանսիստները միշտ երկու հակափաստարկ են ներկայացնում՝ «փող տվող չկաե և «հիմնավոր ծրագրեր չկանե: Երկու հակափաստարկի պատասխաններն էլ միշտ կան՝ աշխարհում փողի ներգրավման հնարավորությունները զգալիորեն մեծացել են, պարզապես պետք է ճիշտ աղբյուրներ գտնել և արդյունավետ բանակցություններ վարել, իսկ թե որտեղ արդյունավետ ներդնել ներգրավված միջոցները, այդ խնդիրը կարելի է հեշտորեն լուծել արհեստավարժ աշխատանքի և համապատասխան վերլուծությունների միջոցով։
Հ.Գ. Համոզված լինելով, որ ոչ բոլորն են միանշանակ ընդունելու այս տեսակետը, կարծում եմ, որ թեման պետք է տնտեսագետների կողմից լայն քննարկման արժանանա և հնարավորություն տա ՀՀ նոր կառավարությանը համարձակ գնալու այս ճանապարհով: Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության գործող կառավարությանը նմանօրինակ առաջարկ է ներկայացրել նաև ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը: Շատ երկար ժամանակ բազմաթիվ աղբյուրներից ուսումնասիրելով համաշխարհային փորձը, օգտվելով մեծ թվով առաջատար մասնագիտական գրականությունից (օրինակ՝ Դժո Ստադվելլի «Ասիական կառավարման մոդելըե, Ջեֆերի Սակսի «Աղքատության վերջըե, Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետություններըե, Գրիգորի Կլարկի «Ցտեսություն չքավորությունե, Պոլ Կրուգմանի «Ճգնաժամից դուրս գալ հնարավոր էե, Ռուչիր Շարմայի «Պետությունների թռիչքը և անկումըե և այլն)՝ վստահ եմ, որ Մայր Հայաստանի թռիչքային զարգացումը հնարավոր է միայն ֆինանսական լուրջ ռեսուրսների համարձակորեն ներգրավման դեպքում, այլապես դատապարտված ենք…>,-ասված է նամակում: