Արմինֆո. Ռուսաստանը և Հայաստանը նախատեսում են համաձայնեցնել մինչեւ 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել Է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Երեւան կատարելիք այցի նախաշեմին, որտեղ ապրիլի 30-ին տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
<Մեր երկրները մեծ ուշադրություն են դարձնում գազի ոլորտում համագործակցությանը։ Քննարկվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ հեռանկարային ծրագրեր: Օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչեւ 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը>, - ասել է նա ։ Պրիխոդկոն նշել է, որ Ռուսաստանը Հայաստան բնական գազի խոշորագույն մատակարարն է ՝ նշելով, որ Ռուսաստանից գազի արտահանումը (տարեկան մոտ 2 մլրդ խորանարդ մետր) լիովին ապահովում է Հայաստանի պահանջները: Ընդ որում, մատակարարումներն իրականացվում են արտոնյալ գներով (համաշխարհային գների համեմատ), որոնք որոշվում են պայմանագրային հիմունքներով ։
Գազի առուվաճառքի պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Ներկայումս գործում է <Գազպրոմ էքսպորտ> և <Գազպրոմ Արմենիա> ընկերությունների կողմից ստորագրված լրացուցիչ համաձայնագիրը, որի համաձայն սահմանվում է 2019 թ. Հայաստանի համար գազի գինը:
Պատասխանելով այն հարցին, թե ապրիլի 30-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում քննարկվելու է արդյոք միության տարածքում էներգակիրների գների անհավասարակշռության վերացման թեման՝ Պրիխոդկոն նշել է, որ <Եվրասիական տնտեսական միությունում էներգակիրների գների ձեւավորման հարցը կլուծվի էլեկտրաէներգիայի, գազի եւ նավթի ընդհանուր շուկաների ձեւավորման աշխատանքների ավարտից հետո>: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերում այդ հարցերը պարբերաբար քննարկվում են, ձևավորվում է անհրաժեշտ նորմատիվ-իրավական բազա, հավելել Է նա: