Արմինֆո. Երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համակարգող Նաիլյա Կարսիբեկովայի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր անցկացվել է կլոր սեղան-քննարկում նվիրված Սննդամթերքի անվտանգության ապահովման գործում այդ կառույցի դերակատարությանը։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արտակ Քամալյանը կարևորել է Կոդեքս Ալիմենտարիուսի հետ սերտ համագործակցությունը։ «Մենք բավականին շատ ժամանակ և մեծ ջանքեր ենք ուղղում սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծմանը և ի ուրախություն մեզ՝ Կոդեքսի ստանդարտներն այս պայքարում էական օգուտ են տալիս։ Հաշվի առնելով գիտության և տեխնիկայի առաջընթացը` մասնավորապես ագրոքիմիայում, սննդամթերքի անվտանգության հարցերն ապագայում առավել քան այսօր ակտուալ են դառնալու՝ այդ համատեքստում ընդգծելով Կոդեքսի դերակատարությունն ու աշխատանքի կարևորությունը»,- մասնավորապես նշել է գյուղատնտեսության փոխնախարարը՝ մաղթելով աշխատաժողովի մասնակիցներին արդյունավետ քննարկումներ, որոնք կնպաստեն Հայաստանում սննդամթերքի անվտանգության հարցերի առավել արդյունավետ լուծումներին։
Նաիլյա Կարսիբեկովան իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հյուրընկալության և կազմակերպության հետ մշտապես ակտիվորեն համագործակցելու համար։ Այնուհետև ներկայացրել է առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները, Կոդեքսի ստեղծման պատմությունը, կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները։
Պատվիրակության առանձին անդամներ ներկայացրել են Կոդեքսի առանցքային փաստաթղթերը, դրանց մշակման ռազմավարությունը, դերը գյուղմթերքի արտահանման գործընթացում, ինչպես նաև պատասխանել մասնակիցների հարցերին։
Հայաստանի ներկայացուցիչները զեկույցներով են հանդես եկել երկրում սննդամթերքի անվտանգության ապահովման քաղաքականությանը և վերահսկողությանն առնչվող հարցերի շուրջ։
Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /FAO/ և ՄԱԿ-ի առողջապահության կազմակերպության /WHO/ կողմից համատեղ ստեղծված կառույց է։ Այն սննդամթերքի ստանդարտների և դրանց վերաբերող տեքստերի հավաքածու է, որոնք միջազգայնորեն ընդունված են և ներկայացված են միասնական տեսքով: Այս ստանդարտները նպատակ ունեն պաշտպանելու սպառողների առողջությունը և երաշխավորելու սննդամթերքի արդար առևտուրը:
Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովը միջկառավարական մարմին է, որին անդամակցում են 188 պետություն և 1 կազմակերպություն (Եվրամիություն): Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է կազմակերպությանը 1994թ. դեկտեմբերից:
ՀՀ վարչապետի 2012թ. հուլիսի 19-ի N 631-Ն որոշմամբ ստեղծվեց Կոդեքս Ալիմենտարիուսի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ինչպես պետական գործադիր մարմիններից, այնպես էլ սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններից և Հայաստանի ազգային ագրարային համալսարանից: