Արմինֆո. Գազով ավտոմեքենաների լիցքավորման գործունեության իրականացման ոլորտում 33 տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվել են 22 մլրդ դրամի հարկային պարտավորություններ: Դրանց թվում են <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ավտոգազալիցքավորման կայանները
/ԱԳԼԿ/: Այդ մասին մայիսի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ։
Անանյանը նշել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ <Քննչական գործողությունների շրջանակներում կատարվել են հարկային ստուգումներ։ Ստուգումներն ավարտված են, այժմ գործերը գտնվում են բողոքարկման փուլում, այդ թվում ՝ դատական, որի պատճառով ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից, քանի որ կարող են խնդիրներ առաջանալ՝ քննության գաղտնիության հետ կապված>,-նշել է ՊԵԿ նախագահը ։
Այսօր, ինչպես նշել է Դավիթ Անանյանը, խնդիրները հիմնականում կապված են այն բանի հետ, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են շեղումներ
ստացված և փաստացի իրացված գազի ծավալների միջև, որոնց հիման վրա կազմվել են նյութեր ։ Ընդ որում, ինչպես ընդգծել է նա, ՊԵԿ-ի գործողություններում, այդ թվում ՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ավտոգազալիցքավորման կայանների գործունեության մեջ իրավախախտումների հայտնաբերման հարցում քաղաքական ենթատեքստ չկա:
Ապրիլի 19-ին ՊԵԿ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են: Աղբյուրի համաձայն՝ առանձին տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող հսկողական միջոցառումների արդյունքում՝ ամեն օր գազալցակայաններում ֆիքսվում է իրացված գազի իրական ծավալներն ու օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսերը, որոնց արդյունքում մշտապես իրականացվում են համապատասխան համեմատական վերլուծություններ, որոնցով ի հայտ եկած շեղումների վերաբերյալ կազմվում են համապատասխան նյութեր և հետագա ընթացքը լուծելու համար տրամադրվում հետաքննչական մարմիններին: