Արմինֆո. Մայիսի 24-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հանձնակատարին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-բրիտանական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Այս կապակցությամբ փոխվարչապետը նշել է, որ ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև միջազգային ինտեգրացիոն խոշոր միավորների հետ հարաբերությունները լավ հնարավորություններ են ստեղծում նաև Մեծ Բրիտանիայից ներդրումների ծավալի ավելացման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդը ներկայացրել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական կապերի խորացման նպատակով իրականացվող աշխատանքները:
Զրուցակիցները բարձր են գնահատել Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը:
Հայաստանի պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող բարեփոխումների համատեքստում զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև գործակցության հնարավորությունները: Մարկ Փրիթչարդի խնդրանքով փոխվարչապետ Ավինյանը ներկայացրել է ներառական տնտեսական աճի ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև թվայնացման, կրթություն-աշխատաշուկա կապի, պետական ծառայությունների և այլ ուղղություններով արդյունավետ համագործակցություն ծավալելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |