Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղեկալ Արտակ Քամալյանը առանց փողկապի, բաց քննարկման ձևաչափով, հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես խաղողագործության և գինեգործության ոլորտներում ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը, մատնանշել հիմնական խնդիրներն ու խոչընդոտները:
Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպան անդրադարձել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, որոնց կարևոր բաղադրիչներից են կրթական ծրագրերը, իսկ առանցքային ուղղությունների թվում` գինու տուրիզմի խթանումը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին ընդգծել է ագրարային կրթության բարելավման, բարձրակարգ մասնագետների պատրաստման և ոլորտում գիտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը:
Հանդիպմանը ներկա գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, ներկայացրել իրենց տեսակետները գինեգործոթւյան ոլորտի հետևողական զարգացման գործում պետության դերի վերաբերյալ:
Ավելի վաղ Երևանի կոնյակի գործարանը հայտնել էր, որ այս տարի ձեռնարկությունը կմթերի 29 000 տ խաղող՝ 1 կգ-ի դիմաց վճարելով 150 դրամ:
<Ընդառաջելով խաղողագործների խնդրանքներին և ի շարունակություն մթերվող խաղողի գնի հայտարարման ժամանակը վերանայելու ստանձնած պարտավորության՝ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է, որ այս տարի գնելու է 1 կգ խաղողը 150 դրամով, ինչը 10 դրամով ավելի է նախորդ տարվա գնի համեմատ: Ներկա պահին աշխատանքներ են տարվում պայմանագրեր ստորագրելու ուղղությամբ, որտեղ ամրագրված կլինի վերոնշյալ գինը: Ընդգծենք, որ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է մթերման գինը բացառապես իր ձեռնարկության համար և պատասխանատու չէ այլ շահարկումային բնույթի հայտարարությունների համար: Այս տարի ընկերությունը կմթերի 29 000 տ խաղող: Մթերման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ: Հավատարիմ մնալով իր քաղաքականությանը՝ Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գործընթացը կկազմակերպի բացարձակապես թափանցիկ և խաղողագործների համար հնարավորինս հարմարավետ: Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 օրվա ընթացքում՝ գումարը կազմակերպության կողմից հատուկ բացված գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով>,- տեղեկացնում է ԵԿԳ մամուլի ծառայությունը: