Արմինֆո. 2019 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավել է տրվել, ինչը ապահովել է ավելի քան 170 մլրդ դրամի հավելյալ առեւտրաշրջանառություն: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչդեռ հուլիսի վերջին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հաղորդել էր, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ի զորու չէ բոլոր ցանկացողներին ապահովել նոր հսկիչ-դրամարկղային մեքենաներով (ՀԴՄ): Ընդ որում, ովքեր դրանք չունեն, բայց իրականացնում են ՀԴՄ առկայություն պահանջող գործունեություն, կտուգանվեն։ Գլխավոր հարկայինի խոսքով ՝ գերատեսչությունը հակված էր ապահովել բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների պահանջարկը, որոնց օրենքը հրամայական կարգով պարտավորեցրել է դրանց առկայությունը։ Սակայն հասկանալով, որ հարկամաքսային կոմիտեն ի զորու չէ ապահովել բոլոր դիմումատուների պահանջարկը, իսկ դրանք ներկայում շուրջ 9-10 հազար են, մեկ շաբաթ առաջ գերատեսչությունը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ "հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ" ՊՈԱԿ-ը կարող է նոր ՀԴՄ տրամադրել միայն սահմանամերձ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկատուներին և անհատույց հիմունքներով:
Հիշեցնենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է դարձել 2019 թվականի հունվարի 1-ից։ Ավելի վաղ կառավարությունն արդեն քանիցս երկարացրել էր դրանց ներդրման ժամկետները՝ սկզբում մինչեւ 2016 թվականի հունվարի 1 - ը, իսկ այնուհետեւ ՝ մինչեւ 2017 եւ 2018 թվականների սկիզբը: 2019 թվականի փետրվարին կառավարությունը հայտարարել էր, որ կսուբսիդավորի նոր հսկիչ - դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ինքնարժեքի տարբերությունը՝ 158 հազար դրամ եւ դրա բացթողնման գինը՝ 60 հազար դրամ ՝ այդ նպատներին ուղղորդելով շուրջ 5 մլն դոլար: Դա, ինչպես հայտարարվել է, վերաբերում էր 25 հազար հարկային գործակալների, որոնց համար նոր սերնդի ՀԴՄ-ների առկայությունը պարտադիր է դարձել արդեն 2019 թվականի հունվարի 1-ից եւ որոնք միջոցների սղության պատճառով չեն կարող իրենց թույլ տալ դա: Արդեն մայիսի 10-ին ՊԵԿ նախագահը տեղեկացրել էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ների պակասի պատճառով դրանք առաջնահերթության կարգով կտրամադրվեն այն հարկատուներին, որոնք նոր են գրանցվել եւ, ընդհանրապես, չունեն ՀԴՄ: