Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը եւ Սինգապուրն ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագիրը կարող են ստորագրել հոկտեմբերի 1-ին Երեւանում: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։
"Բանակցային գործընթացի ժամանակին ավարտի եւ պայմանագրի նախագծի համաձայնեցման դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երեւանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ էլ կստորագրվի այդ պայմանագիրը", - ասել է նա: Փաշինյանի խոսքով ՝ նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է արագացնել պայմանագրի նախապատրաստումն ու համաձայնեցումը։
Հայաստանի վարչապետը նաև հաղորդել է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում անցկացվելու է "Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը" համաժողովը, որին հրավիրված են "հնգյակի" բոլոր երկրների և ԵԱՏՄ գործընկեր երկրների ղեկավարները:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, իր հերթին, կոչ է արել արագացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Սերբիայի, ինչպես նաեւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտիների մասին համաձայնագրերի նախապատրաստումը:
Ելույթ ունենալով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում՝ Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հետագայում եւս ամրապնդել այդ միավորման համագործակցությունը ԱՊՀ հարեւանների եւ այլ երկրների հետ: "Հաջողությամբ ընթանում են ազատ առեւտրի շուրջ բանակցությունները Սինգապուրի, Իսրայելի, Եգիպտոսի հետ, շուտով կգործի Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին Ժամանակավոր համաձայնագիրը, Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Դա մեր ապրանքներին որոշակի առավելություններ է տալիս այդ երկրների շուկաներում", - ասել է Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն նաեւ ձգտում է ընդլայնել իր արտասահմանյան գործընկերների թիվը, այդ թվում ՝ տարածաշրջանային կազմակերպությունների հաշվին: "Կարծում եմ, որ պետք է արագացնել ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են Սերբիայի եւ Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերի ստորագրման համար", - ընդգծել է ՌԴ վարչապետը։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |