Երեքշաբթի, 20 Օգոստոսի 2019 18:22
Նաիրա Բադալյան

Քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նախագիծը

Քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նախագիծը

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)ե նախագիծը քննարկելու նպատակով:

 

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ֆերմերներ, գյուղոլորտի այլ պատասխանատուներ:

 

Փաստաթղթով նախատեսված է գույքագրել գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։

 

Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է ռազմավարության հիմքում դրված Հայաստանի մրցակցային առավելություններն ու փաստաթղթի հիմնական սկզբունքները, որոնց թվում առանձնապես կարևորվել են  ագրեգացումը, առևտրայնացումը, կողմնորոշումը դեպի որակ, երիտասարդության ներգրավվածությունը գյուղոլորտում, գյուղարտադրանքի դիվերսիֆիկացումը և ռիսկերի կառավարումը, կլիմայական փոփոխությանը հարմարվողականությունը ու շրջակա միջավայրի կայունությունը, տեխնոլոգիաների արդիականացումը:

 

Գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների թվում մատնանշվել են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, պարենային անվտանգության և սնուցման բարելավումը, տեղական շուկաների զարգացումը և արտահանման հնարավորությունների բարձրացումը, գյուղատնտեսության ոլորտում մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությունը, թվային գյուղատնտեսության և տեխնոլոգիական նորարարության խթանումը:

 

Նշվել է նաև, որ նախատեսվում է իրականացնել հողային բարեփոխումներ, աջակցել փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին անցում կատարել ավանդական փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն:

 

Փոխնախարար Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ առաջիկայում մշակվելու և շահագրգիռ կողմերի ուշադրությանն է ներկայացվելու նաև ռազմավարության իրականացման գործողությունների պլանը:

 

Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են ռազմավարության վերաբերյալ իրենց առաջարկներն ու նկատառումները:

 

ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային և տեղական փորձագետներ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից հատուկ հրավիրված փորձագետներ։