Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում սեպտեմբերի 11-13-ը գումարվելու է կենտրոնական բանկերի Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը՝ «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմաններըե (Advancing the Frontiers of Monetary Policy) թեմայով։
Համաժողովի նպատակն է մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնողներին և ակադեմիական շրջանակներին հնարավորություն ընձեռել քննարկել քաղաքականության մշակման մեջ օգտագործվող մոդելների արդի խնդիրները և զարգացման նոր ուղղությունները։ Համաժողովի հիմնական խոսնակներն են Մորիս Օբստֆելդտը՝ Բերքլիի համալսարանի դասախոս, Դուգլաս Լաքստոնը՝ միջազգային փորձագետ, Թոմաս Հոլուբը՝ Չեխիայի ազգային բանկի խորհրդի անդամ և Ասսաֆ Ռազինը՝ Թել-Ավիվի համալսարանի դասախոս։
Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովին մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Ավստրիայի, Կանադայի, Իտալիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի, Չեխիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Չիլիի, Ուկրաինայի, Վրաստանի, Ֆիլիպինների ազգային և կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք միջազգային հեղինակավոր համալսարանների գիտնականներ և դասախոսներ:
Համաժողովի հիմնական թեմաներն են գնաճի նպատակադրման ռազմավարությունը, «ոչ-ստանդարտե դրամավարկային քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքում ֆինանսական ցուցանիշների դերը, ինչպես նաև մակրոքաղաքականության մոդելավորմանն առնչվող այլ արդիական հարցեր:
Նշենք, որ սա երկրորդ նման համաժողովն է Հայաստանում: 2016 թ-ի սեպտեմբերին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է «Մակրոտնտեսագիտության արդի խնդիրներըե թեմայով մակրոտնտեսական մոդելավորման համաժողովը: