Արմինֆո. Սեպտեմբերի 12-ին AMX ֆոնդային բորսայի զանգն ազդարարեց Կոնվերս Բանկի պարտատոմսերի (AMCOVSB28ER6 և AMCOVSB29ER4) ցուցակումը բորսայի Abond ցուցակում։
1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը թողարկվել են 9․75% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Բանկը վճարումները կատարելու է կիսամյակային պարբերականությամբ։
Դոլարային պարտատոմսերը թողարկվել են 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 3 տարի մարման ժամկետով, վճարման կիսամյակային պարբերականությամբ և 5․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ։
«Վերջին երկու տարիներին Կոնվերս Բանկը թողարկել և տեղաբաշխել է ավելի քան 22 մլրդ դրամ ընդհանուր արժեքով՝ երեք արժույթով կորպորատիվ պարտատոմսեր, որոնց նկատմամբ հետաքրքրվածություն են ցուցաբերում թե ինստիտուցիոնալ, և թե ֆիզիկական անձ հաճախորդները: Կոնվերս Բանկն այս ոլորտում առաջատարներից է և առաջիկայում նույնպես շարունակելու է պահպանել իր դիրքերը՝ պարբերաբար իրականացնելով նոր տեղաբաշխումներե,- նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանը։
Սա Կոնվերս Բանկի 3-րդ դոլարային և 2-րդ դրամային ընթացիկ ցուցակումն է։
Ողջունելով Կոնվերս Բանկի արդյունավետ համագործակցությունը AMX Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հետ՝ բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ասել է․ «Կոնվերս Բանկի և մեր մյուս գործընկերների ակտիվությունը ցույց է տալիս, որ մասնավոր հատվածի համար շահավետ է ֆինանսական միջոցների ներգրավումը պարտատոմսերի օգնությամբ։ Կորպորատիվ պարտատոմսերի թողարկումների միջոցով մեր գործընկերները կարողանում են ընդլայնել իրենց գործունեության սահմանները, և արդյունքում շահում են բոլորը՝ թե՛ անհատ ու ինստիտուցիոնալ ներդրողները, թե՛ թողարկողը՝ ի համեմատություն բանկային դեպոզիտի և վարկիե։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցակված կորպորատիվ պարտատոմսերի քանակն աճել է 20%-ով։ Նույն կերպ աճել է բորսայում կնքված գործարքների քանակը՝ 18%-ով, և առևտրի ծավալը՝ 36%-ով՝ 24մլն դոլարից հասնելով 33 մլն դոլարի։
Կոնվերս Բանկը ֆոնդային բորսայի անդամ է 2008 թվականից ի վեր։ Ներկայում նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար և կենսաթոշակային համակարգերի հաշվի օպերատոր: