Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Աննա Լուժին և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանին:
Հանդիպմանը քննարկվել է Հիմնադրամի կողմից մշակված «Խաղողի տնկարկների կադաստր» ծրագրի հայեցակարգը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Աննա Լուժը:
Ծրագրի նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղակայվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ, պահեստավորմամբ և վերավաճառքով զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին: Նախատեսվում է նաև վերհանել և ուսումնասիրել խաղողագործական շրջաններում խաղողագործական, գինեգործական և պատմամշակութային տարբերվող համատեքստ ունեցող միկրո- և մակրոշրջանները, խթանել աշխարհագրական նշումով գինիների արտադրության համակարգի մշակումը և ներդնումը:
Նախարարության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, կադաստրի ստեղծումը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաև վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը: Այն մաս է կազմում այն համալիր աշխատանքների, որոնք ուղղված են Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացմանը, խաղողագինեգործական արտադրանքի որակի բարձրացմանն ու մրցունակության կայուն ապահովմանը, ինչպես նաև ոլորտում կեղծարարության դեմ պայքարին:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ամպելոէկոլոգիական տեսանկյունից հիմնավորված խաղողի տնկարկների տեղաբաշխումը և վերահսկումն ընդունված է համաշխարհային պրակտիկայում և այն իրականացվել է խաղողագործությամբ հայտնի մի շարք երկրներում:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |