Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական և աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշանակալի է համարել բանկի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ 1990-ականների սկզբին միջազգային բարձր չափանիշներով գործող բանկի մուտքը Հայաստան մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսաբանկային համակարգի, համապատասխան մշակույթի ձևավորման վրա: «Մենք գնահատում ենք ձեր բանկի ներդրումը, և կարևոր է, որ այն շարունակի հետագա գործունեությունը Հայաստանում»,-նշել է նախագահը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC–ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել HSBC և HSBC-Հայաստան բանկերի գործունության, առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 2019 թ. Հուլիսի 1-ի տվյալների համաձայն, HSBC-Հայաստան բանկի ակտիվները կազմել են 410.5 մլն դոլար, որոնց կառուցվածքում վարկային ներդրումների մասնաբաժինը կազմել է ավելի քան 64% կամ 263.4 մլն դոլար: Բանկի վարկային պորտֆելում գերակշռում են կորպորատիվ վարկերը ' շուրջ 71%, որոնք, հիմնականում, կենտրոնացած են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտուրը, արդյունաբերությունը, հանրային սննդի/ծառայությունների ոլորտը, որոնց ֆինանսավորման ծավալով պահպանում է դիրքը առաջատար հնգյակում:
HSBC Բանկ Հայաստանը 2019թ. առաջին կիսամյակն ավարտել է 2.8 մլն դոլար զուտ շահույթով, որի հիմնական մասը բանկն ապահովել է երկրորդ եռամսյակում: Տարեկան և եռամսյակային կտրվածքով բանկին հաջողվել է մի քանի անգամ ավելացնել զուտ շահույթը։
Նշենք, որ HSBC Բանկ Հայաստանը, որը ներկայացնում է Հայաստանում HSBC Bank plc խումբը, գործում է 1995թ. հունիսի 20-ից: HSBC Բանկ Հայաստանի բաժնետերերն են HSBC Europe BV - 70% եւ Wings Establishment - 30%: Բանկի մասնաճյուղերի փոքր թիվը ' ընդամենը 7, բացատրվում է հաճախորդների սպասարկման հեռակա մեթոդների բավական ակտիվ օգտագործմամբ եւ բանկային ծառայությունների թվային վերափոխմամբ: