Արմինֆո.Միջազգային շուկաներում հայկական սուվերեն բոնդերի գնման հայտերի ծավալը կազմել է 2.5 մլրդ դոլար: Թողարկման կազմակերպիչը հայտագիրքը բացել նախօրեին,երբ հայտարարվեց 500 մլն դոլար գումարի 10-ամյա եվրաբոնդերի տեղաբաշխման մեկնարկի մասին՝ տարեկան 4.625 տոկոս եկամտաբերությամբ:
Առաջարկի նկատմամբ պահանջարկի՝ 5 անգամ էական գերազանցությունը հանգեցրել է եկամտաբերության տոկոսադրույքի՝ մինչև տարեկան 4.2% նվազման, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը (Coupon Rate) կազմել է 3.95%:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ եվրապարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման գործընթացների շրջանակներում ծառայությունների ձեռք բերման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունների սահմանմամբ պայմանավորված՝ ընդունվել է կառավարության համապատասխան որոշում՝ դրանով իսկ ազդարարելով եվրաբոնդերի երրորդ տրանշի տեղաբաշխման և նախկինում թողարկված արժեթղթերի գծով պարտքի վերաֆինանսավորման նախապատրաստական գործընթացի մեկնարկը։
Նախօրեին թողարկված՝ հայկական եվրաբոնդերի երրորդ տրանշը սպասված իրադարձություն էր։ Չէ որ մինչև 2054 թվականը կառավարության պարտքի մարման ժամակացույցի համաձայն՝ պետական պարտքի սպասարկման առումով ամենաանախորժը կլինեն 2020 թիվը և 2025 թիվը: 2020 թվին Հայաստանն ստիպված է լինելու 2018 թվականի վերջի դրությամբ ձևավորված կառավարության ողջ պարտքի հիմնական գումարի մարմանն ուղղել շուրջ 417 մլրդ դրամ կամ 857 մլն դոլար (դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը 1դոլար = 486.55 դրամի), իսկ 2025 թվականին հարցի գինը կկազմի շուրջ 406 մլրդ դրամ (834 մլն դոլար): Երկու դեպքում էլ նշված գումարից 500 մլն դոլար կազմում են եվրապարտատոմսերի գծով մարումները: Հենց այս հաշվարկների հիման վրա փորձագետները կանխատեսել են թողարկում մինչեւ/կամ 2020 թվականը՝ առաջին տրանշի գծով պարտքի հերթական վճարումից առաջ, որը նախատեսված է 2020 թվականի սեպտեմբերի 30 - ին:
Այսօր Հայաստանն իրականացրել է եվրապարտատոմսերի երկու թողարկում: Առաջին թողարկումն իրականացվել է 2013 թվականի սեպտեմբերի 19-ին` 700 մլն դոլարի եվրապարտատոմսեր 7 տարի մարման ժամկետով` մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Տեղաբաշխման ժամանակ եկամտաբերությունը կազմել է 6,25%: Դրանցով կառավարությունը վաղաժամկետ մարել է Ռուսաստանից վերցրած 500 մլն դոլարի պարտքը: Որպես հիմնական անդերրայթեր հանդես են եկել Deutsche Bank AG-ը, London Branch-ը, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc: Այդ հայկական սուվերեն արժեթղթերի միջին եկամտաբերությունը կազմում է մոտ 3,2 տոկոս։
Սուվերեն պարտատոմսերի 500 մլն դոլարի երկրորդ տրանշը` 10 տարի ժամկետով և 7,5% եկամտաբերությամբ, Հայաստանն իրականացրել է 2015 թվականի մարտի 19-ին: Եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումից մուտքերը կազմել են 488 մլն դոլար: Այդ պարտատոմսերի իրացումից ստացված գումարից 200 մլն դոլար ուղղվել է 2020 թվականի մարման առնչությամբ պարտատոմսերի առաջին թողարկման հետգնմանը: Մնացած գումարը փոխանցվել է Հայաստանի միասնական գանձապետական հաշվին և ուղղվել երկրի բյուջետային համակարգ: Միջին եկամտաբերություն ներկայումս գնահատվում է 3,9%: