Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) պատվիրակությանը՝ բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորությամբ։
Ողջունելով պատվիրակության անդամներին և կարևորելով ՎԶԵԲ-ի հետ տարբեր ուղղություններով համագործակցության բարձր մակարդակը՝ նախարար Պապիկյանը նշել է, որ համատեղ հաջողված ծրագրերը այժմ նոր թափ ու ընդարձակ աշխարհագրություն կստանան նախարարության կառուցվածքային փոփոխության և գործունեության ոլորտների ընդլայնման պայմաններում։ «Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը հարաբերությունների առկա բարձր մակարդակի վրա փնտրել և կյանքի կոչել փոխգործակցության նոր եզրերե,-ասել է նախարարը։
ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկն իր և պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա նախարարի հետ կիսվել թավշյա հեղափոխությունից հետո երկրում արձանագրված արգասաբեր փոփոխություններից իրենց ստացած տպավորություններով։ «Մենք տպավորված ենք ՀՀ կառավարության շարունակական հեղինակությամբ, քաղաքացիների կյանքում նշանակալի փոփոխություններով և, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում Հայաստանի զարգացմամբե,- հայտնել է Յուրգեն Ռիգտերինկը։ Բանկի փոխնախագահն անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցության առկա օրակարգին և վերահաստատել էներգետիկայի, հանրային ենթակառուցվածքների, ջրային համակարգերի, թափոնների կառավարման և մի շարք այլ բնագավառներում զարգացման ծրագրերի ուղղությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ իրենց հանձնառությունը։
Նախարարն իր հերթին զրուցակիցներին հայտնել է, որ ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել երկիրը տանել տնտեսական հեղափոխության ճանապարհով, որի կյանքի կոչման գործում առանցքային նշանակություն ունի ենթակառուցվածքների զարգացումը։ «Տնտեսական հեղափոխությունը մեծապես պայմանավորված է ենթակառուցվածքների հզորացմամբ, ինչն իր բազմագործոն ազդեցությամբ կնպաստի նաև տարածքների համաչափ զարգացմանըե,- շեշտել է նախարար Պապիկյանը։ Որպես բանկի հետ երկուստեք փոխգործակցության հաջողված արդյունք՝ Սուրեն Պապիկյանը հիշատակել է Գյումրու քաղաքային ճանապարհների հիմնանորոգումը, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրով սանիտարական աղբավայրի կառուցումը, ինչը նրա համոզմամբ կարող է դառնալ նմանօրինակ ենթակառուցվածքների զարգացման հաջողված օրինակ։
Զրուցակիցների հետ քննարկումների ընթացքում նախարարը նախանշել է նաև հողային ռեսուրսների արդյունավետ կառավարման, օրգանական գյուղատնտեսության զարգացման, ջրամբարաշինության, տրանսպորտային համակարգված ցանց ձևավորելու ուղղությամբ բանկի հետ հնարավոր համագործակցության հեռանկարային նախագծերը։