Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2019 11:57
Նաիրա Բադալյան

ԱԶԲ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ձեռքբերումները, մասնավորապես՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը

ԱԶԲ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ձեռքբերումները, մասնավորապես՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Շիվաջի Կշատռապատիի և Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Քննարկվել են գործընկերության ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները, որոնք ներառում են տնտեսական զարգացմանն ուղղված հնարավորությունների ընդլայնումը, հանրային կառավարման արդյունավետության բարձրացումը, կարողությունների զարգացումը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության ոլորտային ռազմավարությունների մշակմանն ու դրանց ներդաշնակեցմանը, որոնց արդյունքում էլ կհստակեցվի ԱԶԲ-ի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը: Այս համատեքստում ԱԶԲ ներկայացուցիչներն ընդգծել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, էներգետիկայի ոլորտներում ծրագրերի պատշաճ նախապատրաստումն ու իրականացումը:

 

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում:

 

Շիվաջի Կշատռապատին իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները, մասնավորապես՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը:

 

Հայաստանը ԱԶԲ-ին միացել է 2005 թվականին եւ ընդգրկված է խառը (արտոնյալ եւ սովորական) ֆինանսավորմամբ երկրների խմբում: ԱԶԲ-ն զբաղվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատման հարցերով՝ տնտեսական աճի խթանման եւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով:  ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների միջև տրանսպորտային կապերի ամրապնդման գործում: Բանկի կայքում հրապարակված վիճակագրության համաձայն, 2017 թվականի վերջին ԱԶԲ-ն Հայաստանում իրականացրել է 1.32 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 52 նախագիծ, որոնցից 635 մլն ուղղորդվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, 172 մլն' քաղաքային ենթակառուցվածքներին եւ ջրամատակարարմանը, 152 մլն' ֆինանսների ոլորտին, 142 մլն' էներգետիկային, 140 մլն' վարչական կառավարման ոլորտին: