Արմինֆո. ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը, որը նախարարին է ներկայացրել ԱԶԲ Երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին և գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարության և բանկի միջև բազմաոլորտ համագործակցության լայն օրակարգ ։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորահավորելէ Պաուլո Սպանտիգատիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ հայկական կողմը պատրաստակամ է շարունակել բանկի հետ տարբեր ուղղություններով հաջողված համագործակցությունը ։
«ԱԶԲ-ն ՀՀ կառավարության և մասնավորապես մեր նախարարության համար հուսալի և կայուն գործընկեր է: Շատ ենք կարևորում բանկի հետ համագործակցության խորացումն ու ամրապնդումը : Առավել ևս երբ մեր կառավարությունն իր հնգամյա պլանում մեծ խնդիր է դրել ենթակառուցվածների զարգացումը հասցնել բարձր աստիճանի»,- ասել է նախարար Պապիկյանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, անդրադառնալով սեյսմիկ անվտանգության, ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված համատեղ իրականացվող մի շարք ծրագրերին՝ նախարարն ընդգծել է, որ դրանց իրականացման հաջողված փորձը կարող է օրինակ հանդիսանալ նաև էներգետիկայի և բնական պաշարների կառավարման ոլորտում համագործակցության ուղղությունները վերհանելու առումով։
Սուրեն Պապիկյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել սեյսմիկ դպրոցների անվտանգության ծրագրում սահմանված ժամկետները պահպանելու, ինչպես նաև ճանապարհաշինության ծրագրերի վրա և հայտնել, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն վարկային միջոցներով, այլ նաև պետական միջոցներով վերջին տարվա ընթացքում հսկայական ներդրում է կատարել ճանապարհային ենթակառուցվածքներում, իսկ 2020թ․ բյուջեով նախատեսում է շուրջ 500 կմ ճանապարհների բարեկարգումը։
Իր հերթին Վերներ Լիպակը վերահաստատել է բանկի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համապարփակ ծրագրերի իրականացմանը։ Արձանագրելով մատնանշված ոլորտներում արդեն իսկ հաջողված արդյունքները՝ Լիպակը նշել է, որ արդեն իսկ հաստատված է Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որտեղ սահմանված է թե ինչպես է ԱԶԲ-ն ներգրավված լիելու մոտակա 5 տարիների ընթացքում: Լիպակը կարևորել է նաև ճանապարհաշինության ոլորտի մի քանի ծրագրերում առկա խնդիրների կարգավորումը և ընդգծել, որ ԱԶԲ-ն ևս շահագրգիռ է նշված ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանք հաջողությամբ ավարտելու գործում։ «Մենք պատրաստակամ ենք շարունակել ծրագրերը՝ համատեղ ուժերով հաղթահարելով դժվարությունները», -նշել է նա։
Օրակարգային հարցերի թվում կողմերը քննարկել են նաև երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերի հետագա ընթացքին, տարածքային համաչափ զարգացմանը, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։