Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019 12:33
Նաիրա Բադալյան

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է Հնդկաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստան են ժամանել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Պատվիրակության կազմում էր նաև Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալը:

 

Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Հնդկաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, առկա ներուժը, զարգացման միտումները, կիրառվող բարձր տեխնոլոգիաներն ու ագրարային բնագավառի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 

Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղությունների թվում պատվիրակության անդամները մասնավորապես մատնանշել են գինեգործության, էկոտուրիզմի և գյուղատնտեսական խորհրդատվության ոլորտները:

 

Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը  գյուղատնտեսական կրթության բարձր մակարդակի ապահովման և մասնագետների վերապատրաստման հարցում: Առաջարկ է հնչել ուսումնասիրել համատեղ գիտական նախագծերի մշակման հնարավորությունը, ինչը փոխշահավետ կլինի թե' հնդկական և թե' հայկական կողմի համար: Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

 

Զրուցակիցները  պայմանավորվել են հանգամանորեն ուսումնասիրել երկկողմ համագործակցության համար առավել նպատակահարմար ուղղությունները և ներկայացնել համապատասխան առաջարկներ ու դիտողություններ: