Արմինֆո.Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) եւ Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարարությունը հոկտեմբերի 29-ին Ադիս Աբեբայում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների, ինժեներության եւ նորարարության ոլորտներում:
Համագործակցության շրջանակում նախատեսվում է Ինժեներական քաղաքի մոդելը ներդնել Եթովպիայի Talented and Gifted Center-ում:
Հուշագիրը Ադիս Աբեբայում ստորագրել են Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիան եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը
Սա նոր համագործակցության սկիզբ է, որ շրջանակում կանցկացվեն տեխնոլոգիական հմտությունների զարգացման նախագծեր, կստեղծվեն R&D լաբորատորիաներ, կիրականացվեն փորձի փոխանակման ծրագրեր՝ խրախուսելու երկու երկրներում նորարարական էկոհամակարգի զարգացումները:
Ամալյա Եղոյանի խոսքով, Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարարության հետ ուղիղ հուշագրի ստորագրումը հաճելի անակնկալ էր:
«Մինչ այցը նախատեսվում էր, որ հուշագիրը կստորագրվի Եթովպիայի Ադիս Աբեբայի համալսարանի հետ, սակայն արդեն Ադիս Աբեբայում տեղեկացանք, որ նախարար Մեկուրիան ցանկանում է, որ հուշագիրը հենց նախարարության հետ ստորագրվի: Սա պայմանավորված էր նրանով, որ նախարարն իսկապես կարեւորում է նախաձեռնությանը, որի շրջանակում Ինժեներական քաղաք ծրագիրը կիրականացվի Talented and Gifted Center-ում»,- ընդգծում է Ամալյա Եղոյանը:
Եթովպիայում Ամալյա Եղոյանը որպես հատուկ խոսնակ՝ AfriLabs-ի եւ Աֆրիկյան Միության հրավերով, մասնակցում էր տարածաշրջանի նորարարական էկոհամակարգի ամենախոշոր միջոցառում համարվող AfriLabs ամենամյա հավաքին: Դրա շրջանակում նա հանդես է եկել «Հետազոտությունից նորարարություն. կամրջելով հետազոտական ինստիտուտների, համալսարանների եւ կենտրոնների միջեւ անդունդը» ելույթով:
Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հուշագիր ստորագրեց Ադիս Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ: Հուշագիրը նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձեւ համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում: