Արմինֆո. Հայաստանի գինեգործական վարկանշի բարձրացման և հայկական գինիների արտահանման աշխարհագրության ընդլայնման նպատակով Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (Vine and Wine Foundation of Armenia -VWFA) հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 6-ը կնախաձեռնի և կիրականացնի մի շարք միջոցառումներ Կանադայի Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում տեղի է ունենում “La Grande Degustation de Montreal 2019” գինու և ոգելից խմիչքների ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին ՀԽԳՀ-ն միասնական տաղավարով կներկայացնի 9 գինեգործական ընկերության 32 տեսակի գինի։ “La Grande Degustation de Montreal”-ը գինու և ոգելից խմիչքների հեղինակավոր ցուցահանդես է, որին յուրաքանչյուր տարի մասնակցում է շուրջ 200 արտադրող ամբողջ աշխարհից և ունենում 13․000 ից ավել այցելու։ Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ներկայացնել Հայաստանի գինեգործական պատմությունն ու բացառիկ գինիները հազարավոր գինու սիրահարներին, գնորդներին ու մասնագետներին։
Նոյեմբերի 4-ին, Հիմնադրամի և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաք Օտտավայում՝ ՀՀ դեսպանատանը, կկազմակերպվի հայկական գինիների շնորհանդես և համտես՝ տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների համար:
Միջոցառման հյուրերին ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կներկայացվի Հայաստանի գինեգործության պատմությունը և մշակույթը, գինեգործության ժամանակակից ներուժը և առանձնահատկությունները:
Նոյեմբերի 6-ին, Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում գինու առաջատար լրագրող և վարպետ (Master of Sommelier) Ջոն Շաբոն նեղ մասնագիտական լսարանի համար կանցկացնի հայկական գինիների շնորհանդես-համտես, որը հնարավորություն կտա գինու միջազգային գնորդներին և դիստրիբյուտորներին ծանոթանալ Հայաստանի լավագույն գինիների հետ։
ՀԽԳՀ-ը ստեղծվել է 2016 թ ՀՀ Կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաաձայն, 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 5.7 մլն լիտր գինի, ինչը 42.8% - ով ավելի է տարեկան վաղեմության ցուցանիշից: Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանն արտահանել է 1.3 մլն լիտր գինի ' տարեկան 16.5% աճով, մաքսային արժեքի 1.5% անկման դեպքում: Հայկական գինու արտահանման հիմնական շուկան, ավանդաբար, ՌԴ-ն է (72,3%), որին հաջորդում են Չինաստանը (5%), Շվեյցարիան (4%), ԱՄՆ-ն (3,4%), Լեհաստանը (2%), Ֆրանսիան (1,8%), Իտալիան (1,5%), Ուկրաինան (1,2%), Վրաստանը (1%):