Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցել են շուրջ 13 երկրների ընկերություններ :
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Պապիկյանը ծանոթացել է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից այստեղ ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին և արտադրական հզորություններին: Մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արտադրատեսակների մատակարարման ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ցուցահանդեսի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Ալի Ֆարահնաքեանի և Իրանում էներգետիկ սարքավորումների ամենամեծ արտադրող «Մափնա» ընկերության ղեկավարի հետ:Մասնավորապես, «Մափնա» ընկերության ղեկավարի հետ զրույցի ժամանակ նախարարը բարձր է գնահատել էլեկտրաէներգետիկ արտադրությունում նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների կիրառման իրանական ձեռքբերումները և հույս հայտնել, որ առաջիկայում Հայաստանը ևս հնարավորություն կունենա իր մասնակցությունն ունենենալ նմանատիպ ցուցահանդեսների: Նախարարը «Մափնա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման գործում ընկերության ներգրավվածության հնարավորությունը, մասնավորապես՝ հողմակայանների կառուցման ոլորտում ընկերության մասնակցությունը:
Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ:
Նշենք, որ իրանական էներգետիկ ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է 1991 թվականին։ Այդ ժամանակից ի վեր ցուցահանդեսը միավորում է էներգետիկ արդյունաբերության առաջատարներին եւ հնարավորություն է տալիս հանդիպելու աշխարհի պոտենցիալ վաճառողներին եւ գնորդներին: Իրանական էներգետիկ ցուցահանդեսը համարվում է Մերձավոր արեւելքի ամենախոշոր եւ կարեւորագույն ցուցահանդեսներից մեկը: Ամեն տարի Թեհրանի ցուցահանդեսային կենտրոնում անցկացվում են ավելի քան 20 միջազգային ցուցահանդեսներ: Այստեղ հավաքվում են ավելի քան 530 ընկերություններ (460 իրանական եւ 70 արտասահմանյան) Գերմանիայից, Չինաստանից, Իտալիայից, Թուրքիայից, Մակեդոնիայից, Շվեյցարիայից, Ավստրիայից, Ուկրաինայից, Չեխիայից, Իսպանիայից եւ Հնդկաստանից: