Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2019 21:00
Նաիրա Բադալյան

Հայաստանի փոխարտգործնախարարն ու Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության նախագահի տեղակալը քննարկել են տեխնիկական և տնտեսական աջակցության առաջիկա ծրագրերը

Հայաստանի փոխարտգործնախարարն ու Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության նախագահի տեղակալը քննարկել են տեխնիկական և տնտեսական աջակցության առաջիկա ծրագրերը

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության նախագահի տեղակալ Դենգ Բոցինգին (Deng Boqing): 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող անհատույց տեխնիկատնտեսական օգնության (դրամաշնորհային) ծրագրերին առնչվող հարցեր: 

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ ՉԺՀ կառավարության կողմից իրականացված անհատույց օգնության ծրագրերը զգալի դեր են ունեցել Հայաստանի մի շարք ոլորտների կարողությունների զարգացման և արդիականացման համար, այդ թվում՝ վերջին տարիներին հանրային տրանսպորտի և առողջապահության բնագավառներում: Ավետ Ադոնցն ընդգծել է, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակներում կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը նպաստում է չինարեն լեզվի և մշակույթի ուսուցմանն ու տարածմանը մեր երկրում (նախորդ տարիներին Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության կողմից իրականացված ամենամյա վերապատրաստման դասընթացներին Հայաստանից մասնակցել են պետական և մասնավոր հատվածների տարբեր բնագավառների շուրջ 1400 ներկայացուցիչներ):

 

Դենգ Բոցինգը ներկայացրել է վերակազմավորված Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության գործունեության ուղղությունները և ձևերը, նշելով, որ տեխնիկական աջակցության ծրագրերից զատ գործակալության գործառնությունների տիրույթում է նաև գործընկեր երկրների կառավարություններին արտոնյալ վարկերի տրամադրման հարցը:

 

Կողմերն անդրադարձ են  կատարել Հայաստանում իրականացվելիք տեխնիկական և տնտեսական աջակցության առաջիկա հնարավոր ծրագրերին, փորձագետների փոխանակման, ինչպես նաև ենթակառուցվածքային շինարարության վարկավորման հնարավորություններին: