Արմինֆո. Դեկտեմբերի 4-ին Երեւանում մեկնարկել է Silicon Mountains երկօրյա համաժողովը' նվիրված "խելացի լուծումներին" եւ ՏՏ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին: Համաժողովը կազմակերպել է ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը' ՏՀՏ գործատուների միության հետ համագործակցությամբ:
Համաժողովն անցկացվում է միջազգային առաջատար ՏՏ ընկերությունների մասնագետների մասնակցությամբ, ինչպիսիք են Microsoft-ը, Cisco-ն, NXP Semiconductors-ը, nCipher Security-ը, որոնք Հայաստանի գործարար համայնքին և պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրել են ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ակնկալվող մարտահրավերներն ու ուղղությունները, այդ թվում՝ կիբերանվտանգությունը, արհեստական բանականությունը, ժամանակակից ՏՏ կրթությունը և այլն:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ աջակցում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր ջանքերին: "Ինձ դուր եկավ համաժողովի անվանումը' Silicon Mountains, կարծում եմ, որ այսօր ձեռնարկվող քայլերը "բլուրներ" են, որոնք մի օր, միավորվելով, կդառնան Սիլիկոնյան լեռներ", - ասել է նա: Երկրի ղեկավարի կարծիքով, արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, մեքենայական ուսուցումը, մաթեմատիկական մոդելավորումը Հայաստանի համար գերակա ուղղություններ են: "Ես ունեմ երազանք եւ տեսլական՝ Հայաստանը դարձնել համաշխարհային տվյալների օվկիանոսում տեղեկատվության ոլորտի վիրտուալ եւ միջազգային մեծ նավահանգիստ", - ասել է նախագահը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է միավորել ուժերն ու ջանքերը, որպեսզի ընթանան ճիշտ ուղղություններով, մասնավորապես, նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում: Ուշադրություն հրավիրելով աշխարհում մրցակցության բարձր մակարդակին ՝ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտում սեփական նավահանգիստ կառուցելու համար անհրաժեշտ է շատ աշխատել ։ "Ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է ունենալ "Սիլիկոնյան լեռներ", որովհետև մենք աշխատասեր, ազնիվ, ճկուն ժողովուրդ ենք, որը դժվարություններ է ունեցել և գտել է ճիշտ լուծումներ: Դա մեր ԴՆԹ-ում է", - եզրափակել է նա։
Նշենք, որ համաժողովի պատվավոր հյուրը ճապոնացի գիտնական, ԱՄՆ Քարնեգի-Մելոնի հետազոտական համալսարանի պրոֆեսոր Տակեո Կանադեն է: Իր շնորհանդեսի ընթացքում պրոֆեսոր Կանադեն մասնակիցների հետ կիսվել է բազմաչափ նկարահանման տեխնոլոգիայի առանձնահատկություններով: Օրակարգի համաձայն ՝ հաջորդ օրը Silicon Mountains համաժողովի շրջանակներում տեղի կունենան B2B ձևաչափով հանդիպումներ, որոնք ուղղված կլինեն "խելացի լուծումների" ներդրմանը տնտեսական գործունեության ոլորտում:
Հարկ է հիշեցնել, որ այս տարի Հայաստանի Global IT Award - 2019-ի պետական մրցանակի դափնեկիր Է դարձել հենց Տակեո Կանադեն։