Արմինֆո. Հայաստանի բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը 2019թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գերազանցել է 3.1 տրլն դրամը ($6.5 մլրդ)՝ դանդաղեցնելով տարեկան աճը՝ 21% - ից մինչեւ 15%: Ընդ որում՝ դրամային վարկերի ծավալը հասել է 1.5 տրլն դրամի ($3.2 մլրդ), իսկ արտարժութային վարկերի ծավալը ՝1,6 տրլն դրամ ($3.3 մլրդ): ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, վարկային պորտֆելի կառուցվածքում տարեկան աճի դանդաղում է նկատվել ինչպես դրամային, այնպես էլ՝ արտարժութային բաղադրիչներով: Այնուամենայնիվ, դրամային վարկերը բարձր աճ են արձանագրել 32,1% - ով (նախորդ տարվա 40,5% - ի դիմաց)՝ այն դեպքում, երբ արտարժութային վարկերի աճը չնչին է եղել ՝ 2,1% (նախորդ տարվա 9,6% - ի դիմաց)։
Սպառողական վարկերի բաշխում՝ ռիսկերի շերտավորում
Արտարժութային վարկավորման աճի տեմպերի էական նվազումը գրեթե հավասարեցրել է դրանք դրամային վարկերի մասնաբաժնի հետ՝ 50,7 տոկոս 49,3 տոկոսի դիմաց։ Ընդ որում, խզման նվազում նկատվել է արդեն 2018 թվականին ՝ 57,1% արտարժութային՝ 42,9% դրամայինի դիմաց, մինչդեռ 2 տարի առաջ ՝ 2017 թվականին, այդ տարբերությունը տպավորիչ էր՝ 62,2%՝ 37,8% - ի դիմաց։ Այս կառուցվածքին մոտ միագումար վարկային պորտֆել հայաստանյան բանկերն ունեցել են 10 տարի առաջ՝ 2009 թ. ճգնաժամային տարում, երբ արտարժութային և դրամային վարկերի հարաբերակցությունը կազմում էր 51,9 տոկոս՝ 48,1 տոկոսի դիմաց:
Ինչպես կարծում են AmRating ազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանները, վարկային պորտֆելի ապադոլարիզացումը հիմնականում կապված է վերջին 2 տարվա ընթացքում սպառողական վարկերի ծավալների զգալի աճի հետ, որոնք օրենսդրորեն ամրագրված են ազգային արժույթով, և հիփոթեքի սուբսիդավորման ծրագրերի էական ակտիվացման հաշվին:
Գործակալության վերլուծաբանների կարծիքով, սպառողական վարկերում թունավոր վարկերի աճի հետ կապված իրավիճակի շարունակական խորացման պայմաններում բանկերի կողմից մանրածախ վարկավորման շեշտադրման հետագա պահպանումը սպառնում է պորտֆելի որակի վատթարացմամբ, ակտիվների աճի արգելակմամբ և շահույթի հնարավոր իջեցմամբ: Հենց այս հեռանկարը դրդել է Կենտրոնական բանկին սպառողական վարկերի ռիսկերի զսպման նոր կարգավորումների ներդրման, որոնց
վարկառուները, դատելով ԿԲ օպերատիվ արձագանքից, չափազանց գերվարկավորված են: Սակայն, ինչպես կարծում են վերլուծաբանները, կարգավորչի կողմից ներդրվող սահմանային պարտքային բեռի հաշվարկման գործակիցը (միջազգային պրակտիկայում ՝ PTI, payment to income - խմբ.) ռիսկերից կպաշտպանի միայն նոր վարկառուներին։ Ուստի, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կարելի է սպասել բանկերի կողմից արդեն տրամադրված դասակարգված վարկերի մասշտաբային վերաֆինանսավորման նոր ալիքի, իսկ անհուսալի վարկերի դեպքում՝ նոր դուրսգրումների և շահույթի կորստի: AmRating-ի վերլուծաբանները մտավախություն ունեն, որ կարճաժամկետ էֆեկտի սցենարն անխուսափելի է, ինչպես տեղի ունեցավ 2018 թվականին՝ անհուսալի վարկերի տուգանքների / տույժերի ներման հետևանքով, նշանակում է՝ միջնաժամկետ հեռանկարում կարող է հետևել բանկերի լրացուցիչ կապիտալիզացիայի վերաբերյալ Կենտրոնական բանկի նոր որոշումը ՝ իրացվելիության բուֆերը պահպանելու համար, <Բազել 3> նոր՝ ավելի կոշտ կարգավորումներին համապատասխան:
Ավանդային GAP-ն լրացնում է անհանգստությունները
Ըստ ԿԲ հաշվետվությունների, ի տարբերություն տեղաբաշխված միջոցների, բանկերի ընդհանուր ավանդային պորտֆելում արտարժութային և դրամային բաղադրիչի միջև խզումը (GAP) պահպանվում է համեմատաբար բարձր մակարդակի վրա. 2019 թ.նոյեմբերի 1 - ի դրությամբ ավանդների կառուցվածքում արտարժութայինի մասնաբաժինը կազմել է 58.6%, իսկ դրամայինի՝ 41.4%: Վերլուծաբաններին հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ մեկ տարվա ընթացքում խզման դինամիկան աննշան է փոխվել. 2018 թվականին բանկերի պորտֆելում եղել է 60,9% արտարժութային ավանդ և 39,1% ՝ դրամային: Ավանդային բազայի և վարկային ներդրումների արժութային կառուցվածքների աճի դինամիկայի անհամապատասխանությունը նույնպես որոշակի, թեև բավական կառավարելի, ռիսկեր է ստեղծում: Մինչդեռ վերլուծաբանները խոստովանում են, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր՝ վերջին 10 տարիների ընթացքում, հայկական բանկերի ավանդային պորտֆելն զգալիորեն հավասարակշռվել է, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կարգավորումների շնորհիվ: Վերլուծաբանները հիշեցնում են, որ 2009 թ.ավանդային պորտֆելի կառուցվածքում 73,4% - ը բաժին է ընկել արտարժութային բաղադրիչին և 26,6% - ը՝ դրամային:
Ներգրավված և տեղաբաշխված ռեսուրսների պատկերին որոշակի անհավասարակշռություն է հաղորդում նաև այն հանգամանքը, որ արտարժութային ավանդների աճը, ի տարբերություն վարկերի, վերջին մեկ տարվա ընթացքում 9,9 տոկոսից արագացել է մինչեւ 12,5 տոկոս: Իսկ դրամային ավանդները, չնայած աճի արագացմանը ՝ 17 տոկոսից մինչեւ 23,8 տոկոս, փորք-ինչ զիջում են համանման վարկերի աճին։ AmRating-ի երլուծաբանների կարծիքով, նման տարուղղված դինամիկան այսօր ամենևին կրիտիկական չէ, և առայժմ լիովին կառավարելի է բանկերի կողմից և կարիք չունի լրացուցիչ ճշգրտումների: Առավել ևս, որ ավանդների (ցպահանջ և ժամկետային) ընդհանուր ծավալում, որը 2019թ. նոյեմբերի 1 - ի դրությամբ կազմել է 3.3 տրլն դրամ (7 մլրդ դոլար), արտարժութային վարկերի ծավալը մի փոքր գերազանցում է 1.9 տրլն դրամը (4.1 մլրդ դոլար), իսկ դրամայինը ՝ 1.4 տրլն դրամը (2.9 մլրդ դոլար), ինչը վկայում է առայժմ միանգամայն առողջ պորտֆելի մասին:
Տոկոսադրույքների նվազումը շարունակում է <ուտել> մարժան
Ինչպես վարկային պորտֆելում, այնպես էլ ավանդներում դրամային և արտարժութային բաղադրիչների միջեւ խզման նվազումը տեղի է ունեցել՝ տոկոսադրույքների կայուն անկման ֆոնին: Ընդ որում, թե վարկերում, թե ավանդներում առավել զգալիորեն նվազել են դրամային ռեսուրսների տոկոսադրույքները։
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, վարկերի տոկոսադրույքները 2019թ. նոյեմբերի դրությամբ նվազել են միջինը մինչև 10,41%, մասնավորապես, դրամային՝ մինչև 11,91%, իսկ դոլարային՝ մինչև 8,92%՝ 2015 թվականի համապատասխանաբար 14,35% միջին ցուցանիշի, դրամային՝ 17,85% և արտարժութային 10,85%, դիմաց: 10 տարվա ընթացքում փոփոխությունների դինամիկան, վերլուծաբանների հաշվարկներով, էապես փոխվել է. վարկերի միջին տոկոսադրույքները 2009 թվականին կազմել են 16,59 տոկոս, տեղաբաշխված դրամային միջոցներով դրանք կազմել են մինչև 18,41 տոկոս, իսկ դոլարային արտահայտությամբ ՝ մինչև 14,78 տոկոս:
Ընդ որում, ավանդների տոկոսադրույքները նույնպես դինամիկ կերպով նվազել են և 2019թ.նոյեմբերին միջին հաշվով կազմել են 5,27%, մասնավորապես՝, դրամային ՝ մինչև 7,75%, իսկ դոլարային ՝ մինչև 2,78% ՝ 2015 թ. համապատասխանաբար 9,47% միջին ցուցանիշի, արտարժութային՝ 13,61% և դրամային ՝ 5,34% դիմաց: 10 տարի առաջ դրանք այսպիսին էին. միջինը՝ 7,3%, դրամային՝ 8,46% և 6,15% ՝ դոլարային ավանդների գծով:
Որպես արդյունք՝ նախորդ 10 տարիների ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջև մարժան դոլարային բաղադրիչով նվազել է 9 տոկոսից մինչեւ 6 տոկոս, իսկ դրամայինով էլ ավելի՝ 10 տոկոսից մինչև 4 տոկոս ։ Ինչպես կարծում են գործակալության վերլուծաբանները, երկրում թույլ անհավասարակշռված տնտեսական աճի հետ կապված՝ կորպորատիվ հաճախորդների վարկային շուկայի աստիճանական նեղացումը, որոնց բաժին է ընկնում արտարժութային վարկավորման հիմնական մասը, էապես ավելացրել է բանկերի եկամտաբերության կորստի ռիսկը, իսկ չափազանց ցածր դրամային մարժան սահմանափակում է տոկոսային եկամուտներն ավելացնելու հնարավորությունները՝ նույնիսկ բնակչությանը սպառողական վարկերի զանգվածային տրամադրման հաշվին: Այս հանգամանքը՝ վատ վերականգնվող տնտեսության պայմաններում, կարող է վարկային պորտֆելների որակի հետագա վատթարացման ևս մեկ անհանգստացնող փաստարկ հանդիսանալ:
Կամ… կամ
Տոկոսադրույքների շարունակական նվազման համաշխարհային միտումները Ռուսաստանում, Եվրոպայում, իսկ 2019 թվականից էական նվազումը նաև ԱՄՆ – ում բավական նուրբ խնդիր են ստեղծում, հնարավո՞ր է արդյոք առնվազն կասեցնել Հայաստանի բանկերի համար անցանկալի նվազման միտումը: Մակրոտնտեսական հավասարակշռությունը և գնաճային ճնշման բացակայությունը ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ՝ դրսից, այսօր միանշանակ պատասխան չի տալիս այդ հարցին ։ AmRating-ի վերլուծաբանների կարծիքով, ամենայն հավանականությամբ, մենք ականատես կլինենք երկարաժամկետ կողմնային թրենդի, որի ավարտը կորոշվի կամ համախառն պահանջարկի աճի ներքին դրական գործոններով,կամ արտաքին շոկային ազդեցության՝ մեզ համար անցանկալի գործոններով:
Էմմանուիլ Մկրտչյան
Կարինա Մելիքյան