Արմինֆո.Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ հայտարարած միջազգային մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) և Ջի Փի Ինջեներիա (Իտալիա)» ՀԳ ընկերությունները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից, նախագծող կազմակերպության կողմից իրականացվել են որոշ հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա նախապատրաստվել են ճանապարհահատվածի ծրագծի օպտիմալացման տարբերակները: Դա հնարավորություն կտա նախապատրաստել տեխնիկապես հիմնավորված նախագիծ և հետագայում կառուցել այն ճանապարհահատվածը, որը իր տեխնիկական չափանիշներով կհամապատասխանի եվրոպական ժամանակակից ստանդարտներին:
Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականի վերջը, որից հետո կանցկացվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը‚ և կմեկնարկի շինարարությունը:
Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) միջոցներով։ Այստեղ նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված։
Ավելի վաղ Արմինֆո-ի հետ հարցազրույցում ԵԿԶՀ գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովը հաղորդել էր, որ Եվրասիական զարգացման բանկը, որը կառավարում է ԵԿԶՀ-ի միջոցները, մոտ 150 մլն դոլար կտրամադրի Հայաստանում "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի հարավային հատվածի կառուցման համար: Նրա խոսքով, այս պահին նախագիծը ակտիվ քննարկումների փուլում է ՀՀ կառավարության հետ, որի հետ ընթանում է մշտական երկխոսություն, աշխատում է ծրագրի իրականացման Բյուրոն: "Մենք տեղեկություններ ենք ստանում հաշվետվությունների վերաբերյալ, որոնց համաձայն, այժմ անցկացվում է խորհրդատուի ընտրության մրցույթ, որը կպատրաստի ճանապարհի հարավային հատվածի մանրամասն դիզայնը։ Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան, մրցույթի հաղթողի հետ կկնքվի համաձայնագիր, որն էլ ձեռնամուխ կլինի 32 կմ երկարությամբ ապագա մայրուղու նախագծման աշխատանքներին", - նշել էր հիմնադրամի գործադիր տնօրենը:
Բավրայից Մեղրի ձգվող "Հյուսիս-Հարավ" 556-կիլոմետրանոց մայրուղու շինարարությունը կարժենա ավելի քան 2 մլրդ դոլար, իսկ միայն հարավային հատվածը ՝ Արտաշատ և Մեղրի քաղաքների միջև, նախնական գնահատականներով, կարժենա 1,5 մլրդ դոլար։
2012 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, այն գումարը, որ նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, ավելի քան երկու անգամ պակաս էր' 962 մլն դոլար: Այսօր ծախսվել է 150,3 մլն դոլար եւ 23,14 մլն եվրո: Այս պահի դրությամբ կառուցվել եւ արդիականացվել է ընդամենը 31 կմ հատվածը, ինչի համար ծախսվել է 70 մլն դոլար: Մնացած գումարն ուղղորդվել է Աշտարակ-Թալին եւ Թալին-Գյումրի հատվածներում հողային աշխատանքների իրականացմանը: Կատարվել են նաեւ 11 կմ ճանապարհահատվածի բետոնապատման աշխատանքներ:
Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին, սակայն այժմ ժամկետները հետաձգվում են 5-10 տարով։ "Հյուսիս-Հարավ" ծրագրով Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի նախնական խնայողություն յուրաքանչյուր ուղեւորի մեկ ժամ երթևեկությունից և 1 դոլար՝ մեկ տոննայի բեռնափոխադրման մեկ ժամում: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից երկրի շրջափակման հետեւանքները, տարանցիկ պետության դեր խաղալ տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների գործում, ինչպես նաեւ միանալ սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն: