Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավար Նաթան Պորտերին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Յուլյա Ուստյուգովան:
Շնորհավորելով Նաթան Պորտերին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը կարևորել է ԱՄՀ հետ գործընկերությունը և ՀՀ կառավարության տնտեսական օրակարգին ԱՄՀ շարունակական օժանդակությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ընթացիկ տնտեսական իրավիճակին և նշել, որ այս տարի կանխատեսվում է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ, ինչը լավատեսական նախադրյալներ է ստեղծում՝ հաջորդ տարի էլ ավելի բարձր ցուցանիշ արձանագրելու և հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու համար: Տարբեր ուղղություններով՝ ինստիտուցիոնալ, կապիտալ ներդրումների, պետական գնումների բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ հետ գործակցությունը:
ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարը նշել է, որ Հայաստանի և ԱՄՀ միջև ձևավորվել է ամուր, փոխշահավետ գործակցություն, և ինքը պատրաստ է ջանքեր ներդնել՝ այն էլ ավելի սերտացնելու ու խորացնելու համար: Նաթան Պորտերը ողջունել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և ընդգծել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը՝ տնտեսության զարգացման օրակարգի կյանքի կոչման գործում:
Վարչապետը և ԱՄՆ հայաստանյան առաքելության ղեկավարը մտքեր են փոխանակել գործընկերության օրակարգի, համատեղ ծրագրերի, ինչպես նաև կրթական ոլորտի բարեփոխումների, կարողությունների զարգացման հնարավորությունների և անելիքների շուրջ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |