Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2019 20:21
Ալինա Հովհաննիսյան

ԱՄՀ Գործադիր խորհուրդն ամփոփել է Հայաստանի հետ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածությունը

ԱՄՀ Գործադիր խորհուրդն ամփոփել է Հայաստանի հետ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածությունը

Արմինֆո. ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի հետ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության առաջին ամփոփումը: Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ պաշտոնական հաղորդագրությունում,

• Հայաստանի տնտեսական կատարողականն ուժեղ է առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով՝ արտաքին պահուստների աճի և ավելի բարձր եկամուտների պայմաններում:

• Չնայած բյուջեի գերակատարմանը՝ բարեփոխումների թափը պահպանելը կարևոր է եկամուտների հավաքագրումն ամրապնդելու, այդ թվում` գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու համար:

• Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ համակարգ ստեղծելու միջոցով կառավարման բարելավմանն ուղղված ջանքերը, կամրապնդեն կայուն և ներառական աճը:

 

2019 թ. դեկտեմբերի 20-ին ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության շրջանակում  Հայաստանի  Հանրապետության  կատարողականի առաջին ամփոփումը: 36-ամսյա այս վարկային ծրագիրը՝  180  միլիոն  ՓՀԻ (մոտ 248.2 միլիոն ԱՄՆ դոլար) ֆինանսավորման ընդհանուր հնարավորությամբ,  որը  համարժեք է ԱՄՀ-ում  Հայաստանի  քվոտայի 139.75 տոկոսին,  ԱՄՀ Խորհրդի  կողմից  հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին (տե՛ս Մամլո հաղորդագրություն No. 19/173):

 

Հայաստանի իշխանությունները շարունակում են «Սթենդ-Բայ» վարկային  պայմանավորվածությունը  մինչև իր ավարտը՝ 2021 թ. մայիսի 16-ը,  դիտարկել  որպես  նախազգուշական և մտադիր չեն այն օգտագործել, եթե   չնախատեսված  տնտեսական  ցնցումների հետևանքով  վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ չառաջանան:

Գործադիր խորհրդի քննարկումից հետո, Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահի պաշտոնակատար պրն. Միթսուհիրո Ֆուրուսավան հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանի  տնտեսական  ցուցանիշներն  ուժեղ  են  առողջ  աճով,  ցածր  գնաճով,  կայուն ֆինանսական համակարգով և  բարելավվող արտաքին ու  հարկային  բուֆերներով: Պետական ​​պարտքը շարունակում է մնալ նվազող հետագծի վրա, և ակնկալվում է, որ Հայաստանն իր միջնաժամկետ պարտքի թիրախին կհասնի սպասվածից մի քանի տարի շուտ: Այս նպաստավոր հանգամանքը հնարավորություն է տալիս արագացնել բարեփոխումներին ուղղված ջանքերը` ի սատարումն առավել հավասարակշռված և ներառական աճի, աղքատության կրճատման և գործազրկության նվազման նպատակի: 2019 թ. բյուջեն գերակատարվել է՝ գրանցելով ինչպես ակնկալվածից ավելի եկամուտներ, այնպես էլ սպասվածից քիչ կապիտալ ծախսեր: Կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը՝ պետական ​​ներդրումների կառավարման սահուն գործընթացին համահունչ, շարունակում է մնալ առաջնահերթություն: Չնայած հարկաբյուջետային գերակատարմանը, բարեփոխումների թափը պահպանելը կարևոր է եկամուտների հավաքագրումը բարելավելու, այդ թվում՝ գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու և հարկային վարչարարությունն  ուժեղացնելու համար:  Բյուջետային գործընթացի խթանումը նաև  հետագայում կապահովի վստահությունը հարկաբյուջետային կանոնի նկատմամբ:

Գների կայունության ապահովմանն ուղղված դրամավարկային քաղաքականությունը  նպաստում է տնտեսական աճին: Իշխանությունների կողմից Բազել III-ի միջոցառումների իրականացումը կբարձրացնի ֆինանսական համակարգի կայունությունը, ընդ որում՝ ողջունելի են նաև կապիտալի շուկայի զարգացմանը և ֆինանսների հասանելիության բարելավմանն ուղղված ծրագրերը:

 

Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճին:

Կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ համակարգ ստեղծելու միջոցով կառավարումը բարելավելու  ջանքերը շարունակական են:  Իշխանությունները  վերահաստատել են նաև սոցիալական ապահովության ցանցն ընդլայնելու և այն  առավել  հասցեական դարձնելու միջոցով բնակչության առավել խոցելի խավերին պաշտպանելու  իրենց  հանձնառությունը:  Մարդկային  կապիտալի  ամրապնդմանն ու կանանց  աշխատուժի  մասնակցության բարձրացմանն ուղղված քայլերը  իշխանությունների  երկարաժամկետ կառուցվածքային օրակարգի առանցքային կետերից են»: