
Արմինֆո. Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին:
Պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը ներկայացրել է կատարված գործնական քայլերն ու նախատեսվող անելիքները:
Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գործնական միջոց և կարևոր հարթակ է՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա աշխատանքների վերաբերյալ:
Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2019 թվականի հունվար-նոյեմբերին կրճատվել է 41,8 տոկոսով ՝ մինչեւ 97,4 մլն դոլար: Մասնավորապես, արտահանման անկումը 26,5 տոկոսով ՝ մինչեւ 51,1 մլն դոլար, ուղեկցվել է ներմուծման 52,7 տոկոսով կրճատմամբ ՝ մինչեւ 46,3 մլն դոլար: