Արմինֆո. Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրել են 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով երկու վարկային պայմանագիր: Տրամադրվող վարկային միջոցներից 6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը Կոնվերս Բանկի կողմից կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 2 մլն դոլարին համարժեք դրամը՝ կանանց կողմից կառավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում։
«Փոքր և միջին բիզնեսի զարգացումը հանդիսանում է Բանկի ռազմավարության գերակա ուղղություններից մեկը, և մենք շատ բարձր ենք գնահատում մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ընդլայնումն այս ուղղությամբ: ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված դրամային ֆինանսավորումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի մասնավոր հատվածի համար, քանի որ այն թույլ կտա մեզ ավելացնել տեղական արժույթով տրամադրվող մեր ձեռնարկատիրական վարկերի ծավալը՝ դրանով իսկ աջակցելով փոքր և միջին բիզնեսի, մասնավորապես կանանց ձեռնարկատիրության զարգացմանն ու նրանց համար ֆինանսական միջոցների հասանելիությանը»,- իր խոսքում նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։
ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդադզեն իր հերթին հավելել է` «Կոնվերս Բանկը 2008 թվականից ի վեր մեր գործընկերն է: Մենք ուրախ ենք շարունակել և ամրապնդել մեր համագործակցությունը: Մեր կողմից ստորագրվող այս նոր վարկային համաձայնագրերը նպատակ ունեն աջակցել Երևանի և Հայաստանի մարզերի ձեռնարկություններին: Դրանք կապահովեն ֆինանսական միջոցների հասանելիություն նաև գործարար կանանց համար՝ այդպիսով խթանելով տնտեսական աճը։ ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը, որը մենք նախատեսում ենք տրամադրել լրացուցիչ խորհրդատվության հետ մեկտեղ, նպատակ ունի հնարավորություն ընձեռել գործարար կանանց զարգացնելու և ընդլայնելու իրենց բիզնեսը»։
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է սկսած 2008թ: 2009թ.-ից Բանկը հանդիսանում է Առևտրի խթանման ծրագրի գործընկեր, որի շրջանակներում 2016թ․ Բանկը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն» մրցանակին, իսկ 2019թ-ին` «Տարվա գործարք-կանաչ առևտուր» մրցանակին: