Երկուշաբթի, 3 Փետրվարի 2020 16:53
Ալեքսանդր Ավանեսով

Արարատի մարզում մոտ 80 կմ երկարությամբ ներհամայնքային ոռոգման համակարգերի վերականգնում կիրականացվի

Արարատի մարզում մոտ 80 կմ երկարությամբ ներհամայնքային ոռոգման համակարգերի վերականգնում կիրականացվի

Արմինֆո. «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրով 2020 թվականին Արարատի մարզի 32 համայնքներում կիրականացվի ընդհանուր մոտ 80 կմ երկարությամբ ներհամայնքային ոռոգման համակարգերի վերականգնում՝ շուրջ 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ արժեքով:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ծրագիրը կյանքի կկոչվի Եվրասիական զարգացման բանկի վարկավորմամբ և համայնքների 10% տոկոս համաֆինանսավորմամբ:

 

Աշխատանքներ կտարվեն հետևյալ համայնքներում՝ Շահումյանում, Կանաչուտում,

Նորաշենում, Ներքին Դվինում, Այգեստանում, Այգեպատում, Ոստանում, Սիսավանում, Վանաշենում, Վեդիում, Փոքր Վեդիում, Դաշտաքարում, Նոր Ուղիում, Նոյակերտում, Արարատում, Այգավանում, Զանգակատանը, Լուսառատում, Դարակերտում, Դաշտավանում, Արբաթում, Ղուկասավանում, Հայանիստում, Ք. Մասիսում, Նիզամիում, Այնթապում, Նոր Խարբերդում, Արաքսավանում, Արևշատում, Մասիսում, Աբովյանում, Արգավանդում:  Վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա ամիսներին:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որԵԶԲ-ն Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից 40 մլն դոլար վարկ կտրամադրի՝ Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման նպատակով: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, որոնք են` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացումը և ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Գյուղատնտեսական նպատակների համար կայուն և որակյալ ջրամատակարարման ապահովումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը էապես կնպաստեն երկրում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների աճին: