
Արմինֆո. Հայաստանի տնտեսության վերաբերյալ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալները որոշակի եւ անբացատրելի հակասություններ են պարունակում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։
"Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությամբ արձանագրվող շարունակական անկումը ոչ մի կերպ չի փոխկապակցվում գյուղմթերքի վերամշակման ծավալների կամ դրա սպառման բնութագրերի հետ։ Երկրորդ օրինակը՝ 2019-ին Հայաստանի ներսում բեռնափոխադրումների ծավալի 50% նվազումն է։ Այդ ցուցանիշը տնտեսական աճի պայմաններում ընդհանրապես անհասկանալի է", - նշել է նա։ Փորձագետի գնահատմամբ՝ տնտեսության մի շարք ճյուղերում դրական տեղաշարժերը, պարզապես, չէին կարող տեղի ունենալ ներքին բեռնափոխադրումների ոլորտում նման միտումների պայմաններում։ Եվ հանրապետության ներսում ավտոմոբիլային բեռնափոխադրումների 60% անկումը նույնպես, նրա կարծիքով, ճիշտ հակառակ է վիճակագրական տվյալներին։ Այս լույսի ներքո՝ Ասատրյանը դատախազության մարմինների միջամտության անհրաժեշտություն է տեսնում՝ այդ հակասությունների պատճառները պարզելու նպատակով։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2019 թվականի նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն անցած տարին ավարտել է տնտեսական ակտիվության 7,8 տոկոս աճի ցուցանիշով: Մասնավորապես, ծառայությունների ծավալն աճել է 11 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառության ծավալը՝ 10,4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9 տոկոսով։ Ընդ որում, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4,2 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 1,9 տոկոսով: Չի բացառվում, որ վերջնական արդյունքները տարբերվեն ներկայացված արդյունքներից։
Ընդհանուր առմամբ, Ասատրյանը համոզված է, որ նույնիսկ 2019 թվականին ակտիվության բավականին տպավորիչ աճ ցուցադրելով, Հայաստանի տնտեսությունն ունի մեծ բացթողումներ, չլուծված խնդիրներ և զուրկ է համաչափ զարգացումից։ 7,8 տոկոս տնտեսական ակտիվությունը գնահատելով որպես միանշանակորեն լավ ցուցանիշ, ընդ որում, ինչպես նախատեսվող ցուցանիշի համեմատ, այնպես էլ 2018-ի արդյունքների նկատմամբ, տնտեսագետը խնդիրներ և հակասություններ է տեսնում դրա կառուցվածքում և որակում:
Նրա գնահատմամբ՝ ծառայությունների եւ առեւտրի ոլորտում տնտեսական ակտիվության գերազանցումը, ընդհանուր առմամբ, վատ չէ։ Վատ չէ, առաջին հայացքից, նաեւ երկրորդ տեղը զբաղեցնող արդյունաբերության: Սակայն Ասատրյանը նշում է, որ աճի տեմպերի կառուցվածքը դիտարկելիս նկատելի է, որ արդեն 2019-ի երկրորդ կիսամյակում այդ ակտիվության առաջամարտիկը դարձել է հանքարդյունաբերությունը։ Իսկ հաշվի առնելով զբաղվածության կամ արտադրության ծավալների աճի բացակայությունը՝ փորձագետը տվյալ ցուցանիշը գնահատում է որպես ընդերքի կողոպտման տարրական արագացման հետևանք։
Տնտեսագետին մտահոգում է նաև արտահանման ծավալների նկատմամբ ներմուծման ծավալների աճի տեմպերի առաջվա նման դիտվող գերակայությունը։ Նրա գնահատմամբ՝ դրան նպաստում է գյուղատնտեսության ոլորտի անկումը՝ դրան ուղեկցող բոլոր հետեւանքներով։ Էլեկտրաէներգիայի սպառման անկումը, նրա գնահատմամբ, բավականին տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով էներգախնայողության ոլորտում տեսանելի ձեռքբերումների բացակայությունը։ Ընդ որում, վերջին հանգամանքն, իր հերթին, մտահոգության տեղիք է տալիս։