Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան, Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը Վարոս Սիմոնյանին փոխանցել է գերմանական կողմի պաշտոնական առաջարկությունը ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն ընթացիկ տարվա հուլիսի 21-ից 22-ը Բեռլինում անցկացնելու վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաև, որ նիստի անցկացմանն առնչվող հարցերը մանրամասն քննարկելու նպատակով առաջիկայում նախատեսվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պաշտոնյայի այցը Հայաստան։
Կլաուս Վենդելբերգերը նշել է Գերմանիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանի կառավարությանը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում, հատկապես տնտեսական ոլորտում, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով «կանաչ տնտեսության» զարգացմանը և կարևորելով ՓՄՁ ոլորտը և զբոսաշրջությունը։
Վարոս Սիմոնյանը, որպես հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ընդունել է գերմանական կողմի առաջարկը նիստի անցկացման ժամկետի վերաբերյալ, նաև վստահեցրել, որ հայկական կողմը կնախապատրաստի նիստի քննարկման համար առաջարկվող հարցերի փաթեթը՝ գերմանացի գործընկերոջ այցի ընթացքում դրանք հանգամանալից քննարկելու համար: Էկոնոմիկայի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերվող գործուն աջակցության համար, շեշտելով դրանց կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար: Նա նաև հույս է հայտնել, որ հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կխթանի երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը:
Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը համառոտ ներկայացրել է բանկի գործունեությունը Հայաստանում, ընդգծելով բանկի մասնակցությունը գյուղոլորտի զարգացման ծրագրերում, մասնավորապես գյուղատնտեսության ապահովագրության բնագավառում: Նշվել է նաև բանկի աջակցությունը Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման գործում:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան, ներկայացնելով ընկերության առաքելությունը Հայաստանում, առանձնացրել է ՓՄՁ ոլորտում և զբոսաշրջության բնագավառում կատարած և ընթացիկ աշխատանքը:
Հանդիպման ավարտին Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է հյուրերին, որ աշնանը նախատեսվում է ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացումը և գերմանական կողմին հրավիրել մասնակցելու այդ միջոցառմանը ինչպես շահագրգիռ պետական կառույցների, այնպես էլ մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների մակարդակով: