Երկուշաբթի, 10 Փետրվարի 2020 15:02

Դեսպան. ճապոնացի գործարարների ուշադրությունը գրավում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման մակարդակը

Դեսպան. ճապոնացի գործարարների ուշադրությունը գրավում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման մակարդակը

Արմինֆո. Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման մակարդակը գրավում է ճապոնացի գործարարների ուշադրությունը։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան։

 

Խոսելով երկկողմ փոխգործակցության մասին՝ դեսպանը նշել է հայ-ճապոնական հարաբերությունների դրական դինամիկան և արդյունավետության բարձրացումը ։  Դեսպանը, մասնավորապես, նշել է երկու ուղղություններով զբոսաշրջային հոսքի ակտիվացումը, ինչպես նաեւ փոխգործակցության աճը մշակութային եւ քաղաքական ոլորտներում:

 

Որպես Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացման գերակա ուղղություններ՝ դեսպանը նշել է զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտները։  "Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման մակարդակը գրավում է ճապոնացի գործարարների ուշադրությունը։ Այդ ոլորտի հետ ես մեծ հույսեր եմ կապում", - նշել է նա։  Ինչ վերաբերում է արտահանման տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող գյուղատնտեսական արտադրանքին, ապա Յամադան մատնանշել է Հայաստանում աճեցված մրգերի և բանջարեղենի բարձր որակը։   Բացի այդ, դեսպանի բարձր գնահատականների են արժանացել միսն ու ձուկը։  "Առայժմ այդ արտադրանքի արտահանման մակարդակը ցածր է, եւ հնարավոր է, որ դա կապված է մեր երկրների միջեւ հեռավորության հետ: Բայց այդ գործոնը կարելի է եւ պետք է հաղթահարել", - նկատել է դեսպանը։

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 205.8 մլն դոլար ՝ տարեկան 2.1 անգամ աճով: Մասնավորապես, արտահանման ծավալը կազմել է 1.5 մլն դոլար՝ տարեկան 4 անգամ աճով, իսկ ներմուծումը՝ 204.3 մլն դոլար՝ տարեկան 2.1 անգամ աճով ։  ՀՀ ԱԳՆ տեղեկատվության համաձայն Ճապոնիայից Հայաստան ներկրվող հիմնական ապրանքներն են ցամաքային փոխադրամիջոցները, օպտիկական և լուսանկարչական սարքերը, մեքենայական սարքավորումներն ու էլեկտրոնիկան: Ճապոնիա արտահանվող հիմնական ապրանքներն են ալկոհոլային խմիչքները, դեղերը, քիմիական միացությունները, պղինձը, երկաթահամահալվածքները եւ ծխախոտային արտադրանքը: