
Արմինֆո. Հայաստանի համար ավելի հեռանկարային է կորպորատիվ պարտատոմսերի տեղական շուկան ներկառուցել միջազգային ֆինանսական շուկայում։ Նման կարծիք է հայտնել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) նախագահ Դմիտրի Պանկինը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին։
<Եթե երկիրը փոքր է, ապա մեծ արդյունավետ շուկայի ստեղծումը կապված է բարդությունների հետ։ Իհարկե, կորպորատիվ պարտատոմսերի շուկայում թողարկողների թիվն ավելացել է, բայց հնարավորությունները սահմանափակ են։ Փոքր շուկայում անհնար է ապահովել ավելի մեծ իրացվելիություն, չկան մեծ թվով մասնակիցներ: Կարծում եմ, որ եթե կորպորատիվ եվրապարտատոմսերի ավելի շատ թողարկումներ լինեն, ապա դա ավելի հետաքրքիր կլինի ներդրողների համար։ Հայաստանը պետք է ինտեգրվի միջազգային շուկային։ Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆինանսական շուկաների ներդաշնակեցումից հետո ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայում հնարավորություններն ավելի շատ կլինեն ՝ հնարավոր կլինի ավելի հաջող տեղաբաշխել ռուսական շուկայում, իսկ դա մեծ շուկա է>, - կարծում է Դ.Պանկինը ։
Նա հիշեցրել է, որ 2017 թվականի հունիսին BSTDB-ն մուտք է գործել Հայաստանի պարտատոմսերի շուկա ՝ տեղաբաշխելով 2 մլրդ դրամ ծավալով եռամյա դրամային տրանշ ՝ 8,455 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ, որի մարման ժամկետը թվագրվում է 2020 թվականի հունիսի 27-ին: Այդ պահին դա առավելագույն ծավալով երկրորդ դրամային տրանշն էր Ազգային հիփոթեքային ընկերության ամ կողմից 2016 թ. իրականացված (2.127 մլրդ դրամ) բոնդերի տեղաբաշխումից հետո: Ընթացիկ տարում, Դ. Պանկինի խոսքով, BSTDB-ն պլանավորում է հերթական տրանշի թողարկումը, սակայն ամսաթիվը եւ ծավալը դեռ ճշտվում են: Ընդհանուր առմամբ նախատեսված են 10-20 մլն դոլարի պարտատոմսերի թողարկումներ, հաղորդել Է նա:
Նշենք, որ AMX Հայաստանի ֆոնդային բորսայում 2019 թվականի նոյեմբերի 20-ից սկսել են գնանշվել երրորդ տրանշի հայաստանյան եվրապարտատոմսերը ՝ 500 մլն դոլար ծավալով: 2020 թվականի փետրվարի 10-ի դրությամբ AMX բորսայում գնանշվում է 19 թողարկողի պարտատոմսերի 84 թողարկում, որոնցից 64-ը իրականացվել են 12 բանկերի կողմից: Հայաստանի ֆոնդային բորսայում գնանշվող կորպորատիվ պարտատոմսերի մեծ մասը ներկայացված է դոլարով (42 թողարկում) եւ միայն 3-ը՝ եվրոյով, իսկ մնացածը՝ դրամային: Որպես համեմատություն՝ նշենք, որ մինչեւ BSTDB պարտատոմսերի հայտնվելը հայկական բորսայում թողարկողների թիվը կազմել է 11, իսկ կորպորատիվ պարտատոմսերի թողարկումները եղել են 31, որոնցից 19-ը իրականացվել է 7 բանկերի կողմից, եւ այդ պահին դոլարային թողարկումները եղել են 15:
Անցած ուրբաթ Երևանում տեղի ունեցավ MOEX Day՝ Մոսկվայի բորսայի շնորհանդեսը, որի ընթացքում բորսայի աշխատակիցները ներկայացրեցին արժեթղթերի մոսկովյան հարթակի միջոցով հայաստանյան թողարկողների՝ ռուսական և միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունները: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ MOEX-ի բաժնետոմսերի շուկայի դեպարտամենտի տնօրեն Բորիս Բլոխինը նշել է, որ հայ թողարկողները ոչ մի խոչընդոտ չունեն իրենց արժեթղթերի տեղաբաշխման համար: Ընդ որում, պարտքային արժեթղթերի թողարկումը կարող է լինել ինչպես արժույթով, այնպես էլ՝ ռուսական ռուբլով: Բորսան պատրաստ է տրամադրել թողարկողներին իր ամբողջ ենթակառուցվածքը եւ իր բոլոր ֆինանսական գործիքները: Ընդ որում, Մոսկովյան բորսայում հայկական արժեթղթերի ցուցակումը կարող է իրականացվել հեշտացված կարգով։ Դա նշանակում է, որ ընկերությունը պետք է որոշակի պարտավորություններ ստանձնի տեղեկատվության բացահայտման և այլ ֆորմալ պահանջների կատարման համար։ Ինչ վերաբերում է պարտքային գործիքների տեղաբաշխմանը, ապա կախված կապիտալի ներգրավման ծավալից՝ գործիքը կարող է ընդգրկվել առանձին գնանշման ցուցակներում ինչպես երկրորդային շրջանառության, այնպես էլ՝ սկզբնական տեղաբաշխման դեպքում: Ոչ մի խիստ պահանջ թողարկման ծավալի առնչությամբ Մոսկվայի բորսայում չկա։
Պատասխանելով կարգավորիչ ռիսկերի մասին հարցին ՝ փորձագետը նշել է, որ Ղազախստանի, Բելառուսի եւ այլ երկրների գործընկերների հետ շփվելիս, որքան էլ տարօրինակ է, բոլոր ստորջրյա քարերը գտնվում են ոչ ռուսական կողմում: <Մենք մշտապես բախվում ենք դրան, և հիմնականում միջամտում են ԵԱՏՄ երկրների կարգավորիչները։ Բայց ԵԱՏՄ երկրների ընկերությունների գործիքները մշտական պահանջարկ ունեն, և այստեղ շատ կարևոր է, որ դրանք հետաքրքիր լինեն ներդրողների համար, համապատասխանեն շուկայական կոնյունկտուրային։ Բլոխինի խոսքով ՝ այլ ռիսկերը հաջողությամբ կառավարվում են Ազգային քլիրինգային կենտրոնի կողմից ։ <Կան գործիքներ, որոնք սակարկվում են մասնակի ապահովմամբ, և կան այնպիսիք, որոնց ապահովումն ամբողջական է: Մանիպուլյացիայի կասկածների դեպքում բորսան սկսում է ակտիվորեն աշխատել ինչպես թողարկողի, այնպես էլ՝ մարքեթմեյքերի հետ՝ գնի միջակայքի սահմանված նշաձողի շրջանակներում>,-նշել է մասնագետը ։