Երեքշաբթի, 18 Փետրվարի 2020 12:07
Ալեքսանդր Ավանեսով

Ապրիլին Հայաստանում կանցկացվի "Armenian Business Networking"-ը

Ապրիլին Հայաստանում կանցկացվի "Armenian Business Networking"-ը

Արմինֆո. Մոսկվա այցի շրջանակներում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

 

Գլխավոր հանձնակատարի գրասենյակի հաղորդագրության համաձայն, մասնակիցներին, նախևառաջ, ներկայացվել են գրասենյակի գործունեությունը, առաջնահերթությունները, սփյուռքի հետ աշխատանքի օրակարգային հարցերը: Որպես կարևոր ուղղություններ՝ Զարեհ Սինանյանն առանձնացրել է Հայաստանի կյանքին սփյուռքի առավելագույն ներգրավումը, ենթակառուցվածքների զարգացումն ու խոչընդոտների վերացումը, զանգվածային հայրենադարձության իրագործումը, սփյուռքի և Հայաստանի միջև փոխվստահության վերականգնումը: Այնուհետ ակումբի հիմնադիր Նվեր Սարգսյանը ներկայացրել է 2020 թվականի գլխավոր անելիքները՝ հիմնականում շեշտադրելով Հայաստանում ներդրումային ծրագրերի հնարավորություններն ու հեռանկարները:

Պայմանավորածություն է ձեռք բերվել այս տարվա ապրիլին կայանալիք «Armenian Business Networking» միջոցառումն իրականացնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ: Հանձնակատարին ներկայացվել է նաև «Cilicia Tun» օֆլայն հաղորդակցության հարթակի ստեղծման գաղափարը, որը Հայաստանում կդառնա սփյուռքից ժամանած գործարարների հանդիպումների և փորձի փոխանակման վայր: Ակումբը գործարկելու է էլեկտրոնային հարթակ ևս, որտեղ օգտատերերը կարող են ներբեռնել իրենց տվյալները, գործունեության ոլորտները, ծանոթանալ միմյանց հետ և համատեղ աշխատել:

 

Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել գործարարներին Հայաստանի բիզնես միջավայրի հանդեպ նման հետաքրքրվածության համար և գործակցության ու աջակցության պատրաստակամություն է՝ հայտնել: