Արմինֆո. Հայաստանում արտահանման կառուցվածքում երկրորդ տեղում է հայտնվել «սիգարետ և սիգար» ապրանքային խումբը՝ պղնձի հանքաքարի խտանյութից հետո: Այս մասին են վկայում Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տվյալները, որն նդրադարձել է 2018-2019թթ.-ին ծխախոտային արտադրատեսակների արտադրության վերլուծությանը:
Աղբյուրի համաձայն՝ 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ ծխախոտային արտադրատեսակների արտադրության ոլորտի ծավալներն աճել են 6.8%-ով, իսկ մասնաբաժինը մշակող արդյունաբերությանը կազմել է 13.1%1: Հետաքրքրական է նկատել, որ իրացման ծավալները գերազանցել են արտադրության ծավալներին և արձանագրել են 10% աճ: Սա փաստում է այն մասին, որ 2019թ.-ին վաճառվել է նաև 2018թ.-ին արտադրված արտադրանքը, ինչն էլ իր հերթին բացատրում է իրացման կառուցվածքում արտահանման տեսակարար կշռի մեծացումը 2.8 տոկոսային կետով` կազմելով 72.7%: Արտահանման ծավալներն աճել են 14.4%-ով, մինչդեռ ՀՀ տարածքում ծխախոտային արտադրատեսակների իրացման ծավալները կրճատվել են 0.2%-ով` որոշակիորեն պայմանավորված նաև ակցիզային հարկի բարձրացման հետ: Հետևաբար՝ այս ոլորտի համար առաջնային են համարվում օտարերկրյա` հատկապես ոչ ԱՊՀ երկրների շուկաները, որտեղ արտահանման ծավալները 16.2% աճ են արձանագրել, մինչդեռ դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները կրճատվել են 21.1%-ով:
Հենց այս ոլորտի կատարողականի շնորհիվ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը 2019թ.-ին գլխավորել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն՝ առաջ անցնելով 2018թ.-ի առաջատարին` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, որը 2019թ.-ին հայտնվել է 2-րդ տեղում: 2019թ.-ին «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի կողմից վճարված հարկերը ավելացել են 35.1%-ով` կազմելով շուրջ 57 մլրդ ՀՀ դրամ: 2019թ.-ին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ՍՊԸ-ն չորրորդն է, իսկ 2018թ.-ին 9-րդը, որի կողմից վճարված հարկերը ավելացել են 47%-ով` կազմելով շուրջ 19.2 մլրդ ՀՀ դրամ: 2019թ.-ի ցուցակում «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն 58-րդն է՝ 2018թ.-ի 80-րդի փոխարեն:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |