
Արմինֆո. Մինչև մարտի 5-ի օրվա վերջ Վրաստանի տարածքով հայկական բեռնատարներով իրանական ապրանքների փոխադրման հարցը կլուծվի: Այս մասին մարտի 5-ին կառավարության նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով ՝ հայ - վրացական ճանապարհին կուտակված բեռնատար ավտոմեքենաների՝ ի սկզբանե հայտարարված քանակը փոքր-ինչ ուռճացված է եղել ։
Ըստ նախարարության ունեցած տվյալների ՝ ներկայումս Վրաստանի հետ սահմանին 20-30 բեռնատար կա: <Մինչեւ օրվա վերջ հարցը կկարգավորվի>, - վստահեցրել է նախարարը:
Նշենք, որ մարտի 3-ին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ իրանական ապրանքներով մոտ 60 հայկական բեռնատարներ մնացել են Վրաստանի հետ սահմանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Վրաստանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ երկրի տարածքով հայկական բեռնատարներով իրանական ապրանքների փոխադրման հարցի շուրջ։ Նա նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Վրաստանի տարածքով տարանցմամբ երթևեկող բեռնատարները կուղեկցվեն, եւ եթե ընդունող կողմը դեմ չլինի, ապա մեքենաները կհասնեն նշանակման կետ: <Մենք արդեն պարզել ենք, որ ընդունող կողմը ապրանքների ընդունման համար նոր պայմաններ չի ներկայացնում ։ Այդպիսով, իրանական ապրանքներով բեռնված մեքենաները կկարողանան հասնել նշանակման վայր։ Բանն այն է, որ մեր գործընկերները չէին ցանկանա, որ եթե երրորդ երկրները չընդունեն այդ բեռնատարները, մեքենաները կուտակվեն Վրաստանի տարածքում>, - պարզաբանել է Փաշինյանը։